ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության կազմակերպման Նախաձեռնող խումբը հուլիսի 10-ին կգումարի իր անդրանիկ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ գումարվելիք նիստում կկազմվի դիվանը, որն էլ կսկսի աշխատանքներ տանել պատրիարքի ընտրության գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:
Դիվանի կազմությունից հետո Նախաձեռնող մարմնի անդամների ցուցակը ներկայացվելու է Ստամբուլի նահանգապետարան:
Բեքչյանը հայտնել է նաև, որ չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացրած Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուի փոխարեն Նախաձեռնող խմբում նոր անդամի նշանակել, քանի որ խումբն արդեն բազմանդամ է:
Հուլիսի 4-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում գումարված հատուկ ժողովի արդյունքում կազմվել է Նախաձեռնող խումբը, որն ուներ 22 անդամ: Շիրինօղլուի հրաժարականով՝ անդամների թիվը նվազել է 21-ի: Խումբն ընտրություններից առաջ Ստամբուլի տարբեր թաղամասերում նախապատրաստելու է ընտրողների ցուցակները և հստակեցնելու է պատվիրակների թվաքանակը: