Հովհաննես Բաչկով. Եվրոպայի չեմպիոն դարձա թիմային համախմբվածության շնորհիվ
2 րոպեի ընթերցում
![Հովհաննես Բաչկով. Եվրոպայի չեմպիոն դարձա թիմային համախմբվածության շնորհիվ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/896535.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջնությունում հաղթանակը կապում է թիմային միավորված աշխատանքի հետ:
«Բոլորին էր հայտնի, որ ինչ-ինչ պատճառներով չէր հաջողվում հաջողության հասնել Եվրոպայի և այլ առաջնություններում: Այս անգամ ավելի լավ մարզավիճակում էի և ուրախ եմ, որ մրցավարները իմ նկատմամբ արդար էին: Թիմային համախմբվածության շնորհիվ դարձա Եվրոպայի չեմպիոն: Ցանկություն ունեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելու, սակայն առաջիկայում աշխարհի առաջնությունն է, և պետք նախապատրաստվենք այդ պատասխանատու մրցումներին: Ամեն դեպքում՝ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելս հետաձգվեց և մնաց աշխարհի առաջնությունից հետո: Օլիմպիական խաղերից հետո նորից շարունակեցի մնալ սիրողական բռնցքամարտում, քանի որ այն միտքը, թե առանց մեդալի եմ, ինձ հանգիստ չէր տալիս: Ուզում էի, որ այս տանջանքը, քրտինքը, որ տարիներ շարունակ թափվում էին, գնահատված լինեին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաչկովը:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի երկու մարզիկով` Հովհաննես Բաչկով և Կարեն Տոնականյան:
Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը մրցում էր անգլիացի Լյուկ Մաքկորմակի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով: Հովհաննես Բաչկովը 24 տարեկան է, ծննդով՝ գյումրեցի: Մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Բռնցքամարտով զբաղվում է 7 տարեկանից: