Հուսով եմ նվագախմբով հյուրախաղերով կլինենք նաև Հայաստանում». Ստեփան Խալաթյան

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկաբնակ երաժիշտ Ստեփան Խալաթյանը համոզված է` հայ հանդիսատեսն, իրոք, ամենախստապահանջն է: Բազմաթիվ երկրների ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկած արտիստը վերջին տարիներին աշխատում է որպես ԱՄՆ-ի «Shen Yun Performing Arts»-ի հինգ կազմակերպություններից մեկի նվագախմբի կոնցերտմայստեր, ինչպես նաև «Shen Yun Symphony Orchestra»-ի երկրորդ ջութակների կոնցերտմայստեր: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց երաժշտի հետ:

- Տանը հնչում էր քամանչա և թավջութակ: Ինչո՞ւ ձեր ընտրությունը կանգ առավ ջութակի վրա:

- Հայրս, բացի աշուղագուսանական գործերից, նվագացանկում ներառում էր նաև ջութակի համար գրված ստեղծագործություններ: Իմանալով ջութակի հնարավորությունները` ցանկացավ, որ իր որդին դառնա ջութակահար: Հավանաբար, հետագայում ընտանեկան տրիո կազմելու համար,-կատակում է Ստեփանը:

- Ձեր հայրը` Հակոբ Խալաթյանը, հայտնի է թե՛ որպես քամանչահար, թե՛ որպես նկարիչ: Աղեղն ու վրձինը նրանից անբաժան են: Իսկ ի՞նչ հոբբի ունեք դուք, երբ ցած եք դնում ջութակը:

- Իմ մասնագիտությունն ու հոբբին համընկել են: Սիրում եմ ջութակը:

- Հայրենիքում ամեն ինչ այնքան էլ վատ չէր խոստումնալից ջութակահարի համար: ԱՄՆ մեկնելու առիթն ինչպե՞ս ընձեռվեց:

-2013 թվականին տրոմբոնահար ընկերոջս`Կարեն Խաչատրյանի միջոցով, տեղեկացա Նյու-Յորքում գործող «Shen Yun Performing Arts» կազմակերպության մասին: Դա հինգ կազմակերպություններից բաղկացած ընկերություն է, որը ներկայացնում է չինական արվեստը` պարի և 3D անիմացիաների միջոցով, նվագախմբի կենդանի նվագակցությամբ: Եվ շրջագայում է աշխարհով մեկ: 2014-ին մասնակցեցի լսումների և զբաղեցրեցի «Shen Yun Performing Arts»-ի հինգ կազմակերպություններից մեկի նվագախմբի կոնցերտմայստերի, ինչպես նաև աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկող «Shen Yun Symphony Orchestra»-ի երկրորդ ջութակների կոնցերտմայստերի պաշտոնները: Այդպես հայտնվեցի Միացյալ Նահանգներում:

-Այսօր ունեք հնարավորություն համեմատություն անցկացնելու տարբեր երկրների ու ազգությունների հանդիսատեսների միջև: Ասում են, ամենախստապահանջը հայ հանդիսատեսն է, որը գալիս է սխալներ գտնելու, այլ ոչ թե երաժշտություն վայելելու: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Վերջին 4 տարիներին լինելով տարբեր երկրներում, կարող եմ ասել, որ ունկնդիրը շատ տարբեր է: Օրինակ` Ճապոնիայում, ազգային խառնվածքի համաձայն՝ հանդիսատեսը շատ խստապահանջ է: Ֆանտաստիկ կառուցվացքով դահլիճները թույլ են տալիս հանդիսատեսին հետևել ինտոնացիոն ամեն ելևէջի: Թայլանդում, որը մոտ է Ճապոնիային, հանդիսատեսն ավելի անմիջական է, բավականին անկաշկանդ ցուցադրում է իր զգացողությունները: ԱՄՆ-ում` պայմանավորված է նահանգներով: Նյու-Յորքում ավելի սառն են, դեպի հարավ`ավելի ջերմ ու անմիջական, բացահայտ ցույց են տալիս իրենց էմոցիաները` պահելով, իհարկե, թույլատրելիի սահմանները. ծափահարում են, սուլում, դոփում: Նվագախմբով դեռ չենք եղել Հայաստանում, ուստի դժվարանում եմ ասել, թե ինչպես կընդունի հայ հանդիսատեսը: Ծրագրեր կան, ուղղակի պետք է տարածաշրջանային հյուրախաղեր կազմակերպել, ինչը ծրագրվում է: Իսկ հայ հանդիսատեսը, իրոք, շատ խստապահանջ է: Պետք է պահել որակի սանդղակը, քանի որ հայը գիտի ամեն ինչի որակյալը:

- Իրատեսակա՞ն եք համարում նվագախմբի հյուրախաղերը Երևանում:

-Նախ նշեմ, որ մյուս նվագախմբերում էլ հայ երաժիշտներ կան` տրոմբոնահար Կարեն Խաչատրյանը, կլարնետահար Մհեր Մնացականյանը, ջութակահարներ Աշոտ Դումանյանն ու Արսեն Կետիկյանը, կոնտրաբասիստ Տիգրան Ոսկանյանը: Անցյալ տարի մեզ միացավ դիրիժոր, կոնտրաբասիստ Վարդան Հակոբյանը: Շատ մեծ հպարտություն եմ ապրում, որ չինական կազմակերպության, չինական նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կանգնած է հայ երաժիշտը: Հուսով եմ, միասնական ջանքերով կկարողանանք ներկայանալ հայ հանդիսատեսին:

- Ի՞նչ ստեղծագործություններից է կազմված նվագախմբի հիմնական նվագացանկը:

-Ամեն տարի գրվում են նոր ստեղծագործություններ՝ համապատասխանեցնելով պարային բեմադրություններին: Չինական ազգայինը` ծաղիկներով, հովհարներով, համեմված ժամանակակից պարային տարրերով, քարոզում է բարու հաղթանակը չարի հանդեպ: Դա լուրջ նախագիծ է, որում մեծ աշխատանք են տանում ոչ միայն խմբավարն ու երաժիշտները, այլև պարուսույցներն ու պարողները, այդ ժամանակ գերիշխողը չինական մոտիվներն են: Իսկ երբ հանդես է գալիս միայն սիմֆոնիկ նվագախումբը, ասենք, Կարնեգի Հոլում, ներկայացնում ենք համաշխարհային երաժշտության գլուխգործոցները` համալրված չինական ազգային նվագարաններով. երկլարանի «էրհու», 6-լարանի պիպա, մեր զուռնայի նման փողային գործիք «սոունա» և ազգային հարվածային գործիքներ: Տարեկան կատարում ենք 18 նոր ստեղծագործություններ՝ գրված հատուկ այդ նվագախմբի համար, հիմնականում իրենց բնորոշ լադային սահմանում` պենտատոնիկայում, այսինքն՝ 5 հնչյուններից բաղկացած լադ: Դա մի հատուկ ձևաչափ է, որին հիմնադիրները հավատարիմ են արդեն 10 տարի, և, պետք է ասել, այն աշխատում է:

- Անգամ 7 հնչյունի պարագայում չկրկնվելը լուրջ խնդիր է կոմպոզիտորների համար, պատկերացնում եմ, թե որքան բարդ առաջադրանք է չինացի ստեղծագործողների համար: Իսկ հայ կոմպոզիտորների գործեր ընդգրկվա՞ծ են նվագացանկում, ասենք` Խաչատրյանի «Սուսերով պարը»:

-Առայժմ`ոչ: Կատարում ենք Չայկովսկի, Դվորժակ, Սենս-Սանս, բայց հայ դիրիժորի ներկայությունը գուցե և հայկական ստեղծագործությամբ համալրի զուտ չինական նվագացանկը: Մի առանձնահատկության մասին նշեմ. նվագախումբը չունի տեսահոլովակներ, ձայնագրություններ, համերգների տեսագրություններ, որոնց բացակայությունը ապահովում է հանդիսատեսի մշտական հետաքրքրությունը:

- Այսօր ազգային երաժշտության գաղափարը արդիակա՞ն է մեծ գերտերություններում, թե՞ գլոբալացման այս դարաշրջանում նման արժեքն այլևս ակտուալ չէ: Գուցե կա կոսմոպոլիտ երաժշտություն: Ի՞նչ , միտում է տիրում աշխարհում:

- «Դասական» ասվածը միշտ կմնա մրցակցությունից դուրս: Առիթ եմ ունեցել լսելու Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբին, որը քեզ մի այլ աշխարհ է տեղափոխում: Այնուամենայնիվ, խոսել զուտ ազգային երաժշտության մասին Միացյալ Նահանգներում՝ շատ բարդ է: Հայաստանում ավելի հեշտ է ու հասկանալի, քանի որ մենք հստակ գիտենք` որն է ազգայինը, ազգագրականը, աշուղական երաժշտությունը: Ինչ մնում է նվագախմբին` իր գերակայող չինական նվագացանկով, ապա դա ազգային ավանդույթների լավագույն տարածման օրինակն է մշակույթի միջոցով:

- Ասում են, որ այսօր դասական երաժշտության համերգներին դահլիճում կարելի է հանդիպել ավելի շատ ճերմակած մազերով կամ ճաղատ երաժշտասերների: Ո՞վ է հանդիսատեսն այնտեղ:

- Կարծում եմ` Հայաստանում ավելի ակտիվ է երիտասարդությունը, թեև միջին ու ավագ սերնդի ներկայացուցիչներն էլ հետաքրքրված են լավ երաժշտությամբ: Արտասահմանում հակառակ պատկերն է: Դա գալիս է նաև կենսակերպից. երիտասարդներն աշխատում են, տարեցները` վայելում իրենց ծերությունը:

- Ըստ Ձեզ` ի՞նչ է արվեստը և ինչի՞ համար են մարդիկ գնում համերգ, թատրոն, այցելում ցուցահանդեսներ, մշակութային օջախներ: Այլ կերպ ասած, «Ոչ միայն հացիվ, այլ նաև բանիվ»….

-Կան ընտանիքներ, որ ավանդույթի համաձայն են գնում համերգներ, այդ սովորույթը սերնդեսերունդ է փոխանցվել: Երբ «Մետրոպոլիտեն» օպերայում դիտում էի «Պայացներ» օպերան, տեսա բազմաթիվ տղամարդկանց ու կանանց` ֆրակներով ու երեկոյան զգեստներով, ինձ թվաց, թե հայտնվել եմ կինոյում: Բայց իրենք այդպես են ապրում, դա տոն է, որին պատրաստվում են ամենայն լրջությամբ: Նահանգների ամեն քաղաքում կա լավագույն նվագախումբ, և եթե այն ամեն օր համերգ ունենա, հավատացեք, դահլիճները լեփ-լեցուն կլինեն: Իսկ հանդիսատեսների շնորհակալ հայացքները հասկացնել են տալիս, որ նրանք լիցքավորվում են դրական էներգիայով, որը կարևոր է մարդու համար:

-Ստեփան Խալաթյան. կարոտ, վերադարձի ծրագրեր…

-Շատ անգամ կարոտի մասին չեմ մտածում`խիստ զբաղվածությունից ելնելով: Կարոտը զգում եմ տարեկան մեկ անգամ, Հայաստան գալուց մեկ շաբաթ առաջ:

Հայերեն English

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ