Սփյուռք

Հայաստանը դրախտ փախստականների համար. ԱՄՆ կոնգրեսականները  կոչ են անում պահպանել ֆինանսական հատկացումը

3 րոպեի ընթերցում

Հայաստանը դրախտ փախստականների համար. ԱՄՆ կոնգրեսականները  կոչ են անում պահպանել ֆինանսական հատկացումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամներ Էն Էշուի, Ֆրեն Փալոնեի, Ջեքի Սփայերի, Ադամ Շիֆի և մյուս դեմոկրատ գործիչների կողմից ջանքերի գործադրումը, որոնք նպատակ ունեն կասեցնել նաև Հայաստանի նկատմամբ «վնասակար կրճատումները», որոնք նախատեսվում են ԱՄՆ նախագահի 2018 թվականի ֆինանսական տարվա բյուջեով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի հանձնախմբից:

«Կոնգրեսականների նախաձեռնությունը կարևոր է Հայաստանի նկատմամբ նախագահի առաջարկած լուրջ կրճատումները կասեցնելու առումով: Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը կրճատելու փորձերը պետք է հանդիպեն երկկուսակցական ուժեղ ընդդիմության»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների կողմից ստորագրված նամակում կոչ է արվում 40 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրերով աջակցել Հայաստանին՝ որպես մերձավորարևելյան փախստականների համար ապահով տարածաշրջանային դրախտ: Ավելի մեծ ուշադրություն դարձնել Արցախին ցուցաբերվող օգնությանը՝ մասնավորապես 8 մլն ԱՄՆ դոլար տրամադրելով ականազերծման, վերականգնման ծրագրերի ու ջրամատակարարման համակարգերի համար: Նրանք ուշադրություն են դարձրել նաև Ադրբեջանի կողմից կիրառվող բռնություններին՝ հորդորելով առնվազն 20 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Ռոյս-Էնգել առաջարկի գործարկման համար, դադարեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունը Բաքվին: Բացի այդ, կոնգրեսականներն առաջարկել են 40 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Հայաստանին տնտեսական աջակցության շրջանակում, ինչպես նաև առնվազն 11 մլն ԱՄՆ դոլար՝ որպես ռազմական օգնություն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է 2018 թվականի ֆինանսական տարվա բյուջեի մասին առաջարկությունները Կոնգրեսին, որում առաջարկվում է, ընդհանուր առմամբ, օգնության ծավալները կրճատել 29 տոկոսով, իսկ Եվրոպային ու Եվրասիային՝ 60 տոկոսով:

Համաձայն առաջարկի՝ Հայաստանին տրամադրվող բյուջեն պետք է կրճատվի 67 տոկոսով՝ 2016 թվականի համեմատ 20,4 մլն ԱՄՆ դոլարից 2018 թվականին նվազելով 6,8 մլն դոլարի: Հետխորհրդային մյուս երկրներում՝ Վրաստանում ու Ուկրաինայում հատկացումները պետք է կրճատվեն 58 և 70 տոկոսով, իսկ Ադրբեջանին տրվող օգնությունը՝ 90 տոկոսով՝ կազմելով 1 մլն դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում