Տարածաշրջանային

Հայաստանում գտնվող Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ Թուրքիայից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում գտնվող Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ Թուրքիայից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ պահանջում են Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում են այցելելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Գերմանիայում գործող «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության մեջ համախմբված անդամները 1998 թվականից սկսած գալիս են Հայաստան և այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լրագրողների հետ հանդիպմանը գերմանաբնակ Էլիֆ Սելայ Էրթեմը նշեց, որ իրենց պայքարն ուղղված է արդարության վերականգնմանը:

«Իհարկե, պայքարն ուշացրել ենք, սակայն այն պետք է շարունակել, չդադարեցնել: Մենք ոչ միայն ներողություն ենք խնդրում, այլև պահանջում ենք, որ Թուրքիան առերեսվի իր պատմությանը և պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Էլիֆ Սելայ Էրթեմը: Նա նշեց, որ սկզբնական շրջանում շատ թուրքեր իրենց բացասական էին վերաբերում, կոպիտ էին, անվանում էին ծախու, հիմա կարծես փոքր-ինչ վերաբերմունքը փոխվել է: Կազմակերպությունը տարվա ընթացքում Գերմանիայում անցկացնում է տարբեր միջոցառումներ` ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը, թուրքական հասարակության վերաբերմունքը փոխելուն:

Մահմութ Ուզունն արդեն 3-րդ անգամ է գալիս Հայաստան և շատ տպավորված է: Նրա խոսքով, Հայաստանն իր համար յուրատեսակ հանգիստ վայր է և այն հարազատ է համարում:

«Տարիներ շարունակ Թուրքիան ապրել է կեղծիքի մեջ: Մեր պարտքն է անընդհատ պահանջելը, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բայց պայքարը չպետք է լինի միայն պետության ուղղությամբ, զգալի անելիք կա հասարակության շրջանում: Շատերը չգիտեն, շատերն էլ չեն ցանկանում պատմությունն ընդունել»,-ավելացրեց նա:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում