ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներից:
«Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը: Աղջիկներից երեքից երկուսը գրավեցին մրցանակային տեղեր: Նրանց աշխատանքը 70 տոկոսով կատարված է: Իսկ տղաները փառահեղ մասնակցեցին, քանի որ Օլիմպիական խաղերից հետո ուշքի գալը և նման մասնակցություն ունենալն արդեն լավ է:Եվրոպայի առաջնությունում ձեռք բերածը մեր առավելագույն արդյունքն էր:Հավաքականում ընդգրկված էին երիտասարդ մարզիկներ, բայց մենք դեռևս որոնումների մեջ ենք: Հրաշալի մասնակցություն ունեցավ Սամվել Գասպարյանը: Իսկ ինչ կապված է Կարուշ Ղուկասյանի հետ, ապա նա չկատարեց այն խնդիրը, որ իր առջև դրված էր»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Ալավերդյանը:
Խոսելով պատանիների աշխարհի առաջնության մասին` Ալավերդյանը շեշտեց, որ մարզիկներին հաջողվել է Արգենտինայում 2018 թվականի կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի մեկ ուղեգիր նվաճել:
Հայաստանի ծանրամարտի հավաքականը մայիսից կսկսի ուսումնամարզական հավաքներ, որով կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը: Թիմը հավաքներ կունենա Ուկրաինայում, Հայաստանում և Կազանում: Նախատեսվում է նաև ուսումնամարզական հավաք ԱՄՆ-ում: