ԱՄՆ դեսպան Միլսը հանդիպել է Հայաստանի ՏՏ ոլորտի կին ներկայացուցիչների հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց զբաղվածության աճը կարող է մեծ ներուժ հանդիսանալ Հայաստանի տնտեսության առաջխաղացման համար: Ներկայում կանայք կազմում են Հայաստանի տնտեսապես ոչ ակտիվ բնակչության 67 տոկոսը, իսկ նրանց գործազրկության մակարդակը տղամարդկանց գործազրկության մակարդակի գրեթե կրկնակին է (համապատասխանաբար` 51,5 և 21,8 տոկոս): Համաշխարհային բանկի գնահատումների համաձայն, զբաղվածության և ձեռներեցության ասպարեզում կանանց մասնակցության անհավասար հնարավորությունների արդյունքում Հայաստանը կորցնում է իր պոտենցիալ ՀՆԱ-ի շուրջ 14 տոկոսը: Կարևորելով Հայաստանում կանանց առաջնորդության դերը և տնտեսության մեջ կանանց կարողությունների հզորացումը, մարտի 29-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպել է Հայաստանի ՏՏ ոլորտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերի կին շահառուների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ դեսպանությունից:

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից աջակցվող Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կայացած հանդիպման ընթացքում դեսպան Միլսը մասնակիցների հետ զրուցել է իրենց աշխատանքի մարտահրավերների ու հաջողությունների մասին, նաև տեղեկացել նրանց ընթացիկ ծրագրերի մասին: «Ցավոք հաճախ ենք դեռ բախվում այն կարծրատիպին, որ հաջողակ ՏՏ մասնագետը տղամարդ է: Սակայն իրականում կանայք գնալով ավելի կարևոր դեր են խաղում կոդավորման, արտադրանքի մշակման, վեբ-դիզայնի և ՏՏ ոլորտի այլ ասպարեզներում: Սա առավել քան ճշմարիտ է Հայաստանի դեպքում, ինչի վառ ապացույցը այսօր այս սենյակում հավաքված տաղանդի և փորձի հարստությունն է: Դուք ՏՏ ոլորտի մի խումբ մասնագետներ եք, կին մասնագետներ, ովքեր իրենց ստեղծագործական, խնդիրների լուծման կարողության և տեխնիկական պատրաստվածության շնորհիվ ջանում են խթանել Հայաստանի տնտեսության զարգացումը: Ես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգները, մեծամասամբ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով, կարողացել է աջակցել ձեզ և օգնել ձեզ կյանքի կոչել ձեր ներուժն ու ձգտումները», - ասել է դեսպանը Միլսը:

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է Հայաստանի ՏՏ ոլորտի կին ձեռներեցներին բազմաթիվ ծրագրերի, այդ թվում երեք նորարարական տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման միջոցով: Հայաստանի կառավարության, համալսարանների և մասնավոր հատվածի, ներառյալ Մայքրոսովթ, Նեյշնլ Ինսթրումենթս և Այ-Բի-Էմ ընկերությունների հետ սերտ համագործակցության ներքո ԱՄՆ ՄԶԳ-ն հիմնադրել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (www.micarmenia.am), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (anel.am), և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (istc.am): Որպես Հայաստանի տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից մեկը, ՏՏ ոլորտը իրական հնարավորություն է ընձեռում կանանց դառնալ նորարարության առաջնորդներ և խոշոր ներդրում ունենալ երկրի տնտեսական առաջընթացում:

Կարևորելով գենդերային հավասարության անհրաժեշտությունը և կանանց կենսական դերը տնտեսական աճի ապահովման գործում, ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի քան երկու տասնամյակ խթանում է հայ կանանց մասնակցությունը տնտեսության մեջ` օգնելով նրանց իրագործել իրենց ներուժը բազում ոլորտներում, այդ թվում` ագրոբիզնեսի, տուրիզմի, տեքստիլի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:

Հայերեն English Русский

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը