Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության նոր փորձերը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ հենց իր համար. ՀՀ Նախագահ
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2016թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական արկածախնդրությունը Բաքվի երկարամյա ռազմատենչ քաղաքականության և քարոզչության կենսագործումն էր: «Կարնեգի» հիմնադրամի Բրյուսելի գրասենյակի փորձագետների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ այն լուրջ վնաս հասցրեց կարգավորման գործընթացին: ՀՀ Նախագահի խոսքով, Ադրբեջանի ագրեսիան կրկին ապացուցեց, որ Արցախի ժողովրդի պայքարը սեփական հողի վրա անվտանգ գոյության ու ազատության համար այլընտրանք չի ունեցել ու այսօր էլ չունի: «Սա կարծիք չէ, այլ Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում ստեղծված և մեզ պարտադրված իրականություն: Ահավասիկ, ապրիլյան պատերազմին հետևած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ 1994-1995թթ. հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաև հակամարտության գոտում այդ ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Սակայն Ադրբեջանն իր՝ արդեն սովորական դարձած վարքագծի համաձայն շարունակաբար խուսափում է այդ պայմանավորվածությունների իրականացումից՝ հայտարարելով, որ դրանց իրագործումն իբր ամրապնդելու է ձևավորված ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում:Եթե Ադրբեջանն իրապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխությամբ, ապա միայն մի տարբերակ կա փոխելու այն՝ դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծել է Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը չէր գիտակցում, թե ինչ ծանր հարված է հասցնում խաղաղությանը, որքան է խորացնում ստատուս քվոն, որքան հետ է մղում բանակցային գործընթացը:
ՀՀ Նախագահի դիտարկմամբ, ակնհայտորեն Բաքուն ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում է իր ներքին հարցերի` սոցիալ-տնտեսական ահագնացող խնդիրների և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների դեմ աճող դժգոհությունից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով:ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կարծիքով, հենց այդ պատճառով Բաքվում վերջերս հայտարարեցին, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրն իբր իրենց «ներքին գործն է»: «Ղարաբաղյան հիմնահարցով արդեն տարիներ շարունակ որպես միջնորդներ զբաղվում են Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով: Հավանաբար Բաքվում վատ երազ են տեսել և դրանից եզրակացրել, թե միջազգային հանրության այս երեք խոշորագույն դերակատարներն իրենց բոլոր բարդ գործերը թողած՝ հանկարծ սկսել են զբաղվել Ադրբեջանի «ներքին գործով»:Դա ընդամենը մեկ օրինակ է աբսուրդի այն թատրոնի, որը բեմականացնում են Բաքվում: Մենք ստիպված ենք շարունակաբար բախվել դրան գրեթե ամենօրյա ռեժիմով: Սակայն երբեմն լինում են նաև անկեղծության պոռթկումներ: Դրանցից մեկի ժամանակ Ադրբեջանի ղեկավարը, փորձելով իր ենթակաների առջև արժևորել իրեն, հրապարակայնորեն խոստովանեց, որ բանակցությունների փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և միայն ինքն է, որ կարողանում է դիմանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ճնշումներին:ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ որպես միջնորդներ, կոչված են նաև կանխելու հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրումները: Հրանոթների արկերի տակ ընթացող բանակցությունները երբեք խոստումնալից լինել չեն կարող: Ահա այս հանգրվանում է այժմ գտնվում արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը: Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանը սկզբունքորեն դեմ են ուժի կիրառմանը և հանդես են գալիս հիմնահարցն օր առաջ խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու օգտին»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության նոր փորձերը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ հենց իր՝ Ադրբեջանի համար: Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համարժեքորեն արձագանքելու ուժի կիրառման ցանկացած փորձի: