Սպորտ

Փաշիկ Ալավերդյանը մանրամասն պարզաբանում է տվել Աղասի Աղասյանի հետ կապված խնդրի շուրջ

4 րոպեի ընթերցում

Փաշիկ Ալավերդյանը մանրամասն պարզաբանում է տվել Աղասի Աղասյանի հետ կապված խնդրի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը պարզաբանումներ է ներկայացրել օրեր առաջ Հայաստանի առաջնության ժամանակ տեղի անունեցած «աղմուկի» և Աղասի Աղասյանի մասին:

«Ծանրամարտում մրցավարական կանոնակարգն այսպիսին է` մրցումից առաջ մարզիկներին տրվում է կշռվելու համար և մեկ ժամ էլ՝ հանգստանալու համար: Ժամանակը լրացավ, և Աղասի Աղասյանն 400 գրամ ավելի քաշ ուներ: Եթե արտասահմանում մրցավարական կոլեգիայի անդամ եմ լինում, ապա աջակցում եմ հայ մարզիկներին, թեպետ դրա իրավունքը չունեմ: Աղասին ինձ խնդրեց, որ չնայած իր քաշի ավելի լինելուն, ինքը մասնակցի 85 կգ քաշային կարգում: Ես հրաժարվեցի: Նա այդ կերպ ուզում էր ասել, որ մենք երկուսով պետք է ստեինք: Եվ եթե մարզիկը չի կշռվում այդ քաշային կարգի համար, որին պետք է մասնակցի, իրավունք չունի մասնակցելու այլ քաշի մրցումներին: Այս դեպքում Աղասյանն իրավունք չուներ մասնակցելու 94 կգ քաշային կարգի մրցումներին: Ես հասկանալով մարզիկի լավ ֆիզիկական վիճակի մասին` իր մարզչին խնդրեցի, որ հետ կանչի Աղասիին, ով արդեն տուն էր գնացել: Թող հետ գա և մասնակցի 94 կգ քաշայինների մրցումներին: Նա սովորական մոտեցումներ էր անում, բայց լավ հասկանում էր, որ չի կարող հաղթել այդ քաշային կարգում: Մոտեցման ժամանակ մրցավարի նշանից հետո, որ արդեն կարող է իջեցնել ծանրաձողը, Աղասին այն չի իջեցնում, իջեցնելուց հետո էլ հանում է կոշիկներն ու հեռանում: Նա չկանգնեց պատվո պատվանդանին և չվերցրեց մեդալը: Նա վերցրեց միայն ծրարի 20.000 դրամը, որը համարվում է պետական պարգև: Նա արհամարհեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան և մեդալը: Ինչպես կարող է մարդ վիրավորել մի մարդու, ով 10-12 տարի ձեռքը բռնած շրջել է նրա հետ, տիրություն արել»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանեց Ալավերդյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը խոսեց նաև Աղասի Աղասյանի՝ առաջնության ժամանակ իր կարիերան ավարտելու և իր դժգոհությունն արտահայտած լինելու մասին. «Մենք մեր մարզչական շտաբով նստել և մտածել ենք, թե ինչու Աղասի Աղասյանը չի կարող մասնակցել Օլիմպիական խաղերին: Որովհետև ամենապատասխանատու մրցումներում նա կարող է մեծ անակնկալ մատուցել մեզ: Բոլորին հայտարարություն էի արել, որ այն մարզիկները, ովքեր չեն ընդգրկվի ուսումնամարզական հավաքում, սակայն կարող են ցույց տալ համապատասխան միջազգային արդյունքներ, կարող են ընդգրկվել թիմի կազմում: Ինձ պետք էր, որ նա բարձրացներ 160/165-200/205 կգ, որ ժամանակի ընթացքում կարողանանք մի քանի կգ ավելացնել և դա հասցնել միջազգային արդյունքի: Նա, չկարողանալով անել դա, փորձեց փչացնել մեր տրամադրությունը և հարցազրույցներից մեկում հայտարարեց, թե ինքը պետք է գնա Օլիմպիական խաղերին: Մենք ավելի ուժեղ էինք, քան նա, մեր մարզիկներն էին ուժեղ»:

Խոսելով Առաքել Միրզոյանի մասին՝ հավաքականի գլխավոր մարզիչը, մասնավորապես, ասաց. «Առաքելը տարիներ առաջ դարձել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի մրցանակակիր: Վնասվածք է ստացել և նույն Աղասիի աչքի առաջ հավաքների մասնակցում էր զրոյական արդյունքով, իսկ հավաքների ավարտին արդեն միասին հավասար մրցում էին: Նա աճում էր, Աղասին` ոչ»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Հայաստանի առաջնությունում չի՞ եղել երբևէ կանոնադրության խախտում` մասնավորապես Ռուբեն Ալեքսանյանը 4-րդ մոտեցում չի՞ ունեցել, Ալավերդյանը պատասխանեց. «Ես ձեզ կներկայացնեմ արձանագրություններ: Թե նման բան լինի, ապա ես հաջորդ իսկ պահին կհեռանամ թե ֆեդերացիայից, թե նախարարությունից: Գուցե թողել են, որ մոտենա, բայց չեն հաշվել»:

Հայաստանի առաջնության ժամանակ ծանրորդ Աղասի Աղասյանը, ի նշան բողոքի, ծանրաձողը բարձրացնելուց հետո հանել էր մարզակոշիկները և հեռացել դահլիճից: Ֆեյսբուքի իր էջում Աղասյանը գրել էր որ հեռանում է մեծ սպորտից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում