Վիգեն Սարգսյանը լիահույս է ԱՄՆ-ի հետ ռազմական ինտենսիվ փոխգործակցությունը շարունակելու հարցում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ունի բավականին ինտենսիվ երկխոսություն ռազմական փոխգործակցության առումով: Հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Հույս ունեմ, որ այդ երկխոսությունը վերկուսակցական է և, անկախ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների արդյունքներից, Պենտագոնը կշարունակի հետաքրքրություն ցուցաբերել մեր փոխգործակցության ծրագրերի նկատմամբ»,- «Արմենպրես»- ի հաղորդմամբ` ասաց Վիգեն Սարգսյանը:
Նախարարը հավելեց, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ համագործակցում է ռազմաբժշկական, սերժանտական ուսուցման ծրագրերի իրականացման ուղղությամբ, համատեղ վարժանքների կազմակերպմամբ: «Մենք Միացյալ Նահանգների աջակցությամբ ձևավորել ենք նաև մեր խաղաղապահ կարողությունները, և դուք լավ գիտեք, թե ինչպես են մեր խաղաղապահները տարբեր վայրերում օգտագործում իրենց հմտությունները»,- ասաց նախարար Սարգսյանը: