Մշակույթ

Երևանում նշեցին Ռուբեն Բաբայանի ծննդյան 60-ամյակը

5 րոպեի ընթերցում

Երևանում նշեցին Ռուբեն Բաբայանի ծննդյան 60-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ հունվարի 20-ին Տիկնիկային թատրոնում միջոցառում անցկացվեց: «Նա հրաշալի արվեստագետ է, որը թատրոնին վերաբերվում է սեփական ընտանիքի պես: Ռուբենի ջանքերով Հայաստանում տիկնիկային թատրոնը մասսայականություն է վայելում: Հպարտ եմ, որ ունեմ Բաբայանի նման ընկեր, որ մեր երկիրն ունի նրա նման քաղաքացի: Հուսամ՝ ապագա սերունդն էլ կկրթվի, կդաստիարակվի նրա ներկայացումներով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Տիկնիկային թատրոնի դերասան Գրիգոր Հակոբյանի խոսքով՝ ինքը 30 տարի աշխատում է Ռուբեն Բաբայանի հետ: «Նրա ջանքերի շնորհիվ տիկնիկային թատրոնն օրեցօր փոխվում է: Նա բեմադրում է ներկայացումներ և՛ փոքրերի, և՛ մեծահասակների համար: Բաբայանի շնորհիվ թատրոնը դարձել է մշակութային հետաքրքիր կղզի, որտեղ նորարարություններ կարող են ներակայացնել բոլոր անհատները որոնք ասելիք ունեն: Առողջություն և ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում ընկերոջս»,-ասաց դերասանը:

Դերասան Միքայել Պողոսյանի խոսքով՝ Ռուբեն Բաբայանը շատերի համար պետք է չափանիշ լինի, քանի որ ունի իր քաղաքացիական, ստեղծագործական և մարդկային դիրքորոշումը:

«Ռուբենը հաջողակ երիտասարդ է: Հաջողակ լինելը պայմանավորված է նրա երևակայությամբ, մտքի թռիչքով: Հիանալի մարդ է, ընկեր և աջակից: Ցանկանում եմ, որ Բաբայանն իր 60-ամյակը տասը տարին մեկ նշի՝ չկորցնելով կենսասիրությունը»,-ասաց ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը:

Դերասանուհի Նարինե Գրիգորյանը նշեց, որ Ռուբեն Բաբայանն իր ուսուցիչն է ոչ միայն մասնագիտության, այլև կյանքի փիլիսոփայության մեջ: «Բաբայանն իմ առաջ լայն հեռանկարներ է բացել: Բոլորիս վարակել է թատրոնի մասին իր հայացքներով: Ապշեցի, որ նա 60 տարեկան է. շատ կցանկանամ այդ տարիքում նրա պես հոգով 20 տարեկան լինել»,-շեշտեց Նարինեն:

«Վեցը տարի թատրոնում եմ: Վերջին տարիներին այստեղ յուրօրինակ ներկայացումներ են բեմադրվում, որոնցից կառանձնացնեմ «Դզին»-ը: Ռուբեն Բաբայանը երիտասարդ ստեղծագործողների համար ճանապարհ, նոր հորիզոններ է բացում»,-ընդգծեց դերասանուհի Տաթևիկ Հովակիմյանը:

Ըստ Ռուբեն Բաբայանի՝ 60-ից հետո կյանքը շարունակվում է, եթե ոչ նորից սկսվում: «Մանկական հրճվանք եմ ապրում, երջանիկ եմ, էմոցիոնալ դաշտում եմ, ամեն ինչ լուսավոր է, պայծառ»,-նշեց հոբելյարը:

Միջոցառմաը անմիջական, հետաքրքիր և անսպասելի բեմադրությամբ հանդես եկան տիկնիկային թատրոնի դերասաններն ու Ռուբեն Բաբայանի ուսանողները: Ներկա էին թատերական ոլորտի ճանաչված ստեղծագործողներ և մշակութային այլ գործիչներ:

Ռուբեն Բաբայանը 1978թվականին ավարտել էԵրևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը,1990թվականին՝ Ռուսաստանի թատերական ակադեմիան:

1991թվականից աշխատում էԵրևանի պետական տիկնիկային թատրոնում` որպեսռեժիսոր,1998թվականից` որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն։Բաբայանը դասավանդում էԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։Նույն ինստիտուտի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչն է,պրոֆեսոր։

Ռուբեն Բաբայանը հիմնադրել է Ազգային թատերական ստեղծագործական միավորումը,այնուհետև` «Թատրոն X»փառատոնը։

Բեմադրել է 16 ներկայացումինչպես Հայաստանում, այնպես էլարտերկրում: Հայտնի են Բաբայանի Ուիլյամ Շեքսպիրի«Սխալների կատակերգություն»,Հովհաննես Թումանյանի«Հենց էն Հուռին», «Հայի բախտ»,Անտոն Չեխովի«Բալենու այգի»,Դերենիկ Դեմիրճյանի«Քաջ Նազար», Սլավոմիր Մրոժեկի «Սովածները»,Նիկոլայ Գոգոլի«AK-AK»։

Նրա բեմադրությունները ներկայացվել են բազմաթիվ միջազգային փառատոներիՀնդկաստանում, Ռուսաստանում,ԱՄՆ-ում, արժանացել բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում