Սահմանային հատվածում Ադրբեջանն ավելի ու ավելի է թեժացնում ռազմական գործողությունները. քաղաքագետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից լարվածությունը մեծացնելու նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ղարաբաղյան կոնֆլիկտի վրա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` անդրադառնալով դեկտեմբերին Հայաստանի սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողություններին:

«Վերջին տարիներին Ադրբեջանը սահմանային հատվածում ավելի ու ավելի է թեժացնում ռազմական գործողությունները: Օրինակ, մոտ 6 կամ 7 տարի առաջ խոսվում էր միայն դիպուկահարների պատերազմի մասին: Այնուհետև եղան դիվերսիոն փորձեր, դա տեղի ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության տարածքում, այնուհետև ապրիլյան պատերազմը և այլն: Այդ ամենը մարտավարություն է, ոչ թե պատահականություն: Այդ ամենը հաշվարկվում է»,-ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Ադրբեջանը ղարաբաղյան հարցի շուրջ ստեղծված իրավիճակի վրա ազդելու համար, ըստ էության, այլ գործիք չունի: Ադրբեջանն աշխատանք է տանում քարոզչության դաշտում, որն արդյունք չի տալիս, հետևաբար մնում է սահմանին կրակելը, լարվածություն ստեղծելը, որպեսզի ուշադրություն հրավիրի կոնֆլիկտի վրա:

«Ի դեպ, նման գործողություններով Ադրբեջանի իշխանությունները փորձում են հրավիրել և' միջազգային հանրության, և' Հայաստանի, և' հենց Ադրբեջանի հասարակության ուշադրությունը: Մի պահ պատկերացրեք, որ Ադրբեջանը չի կրակում, ո՞վ կհիշի խնդրի մասին: Միջազգային հանրությունը բազմաթիվ այլ խնդիրներ ունի` Սիրիա, Ուկրաինա և այլն: Հետևաբար, ակնհայտ է, որ Ադրբեջանին դա անհրաժեշտ է»,-նշեց քաղաքագետն` ընդգծելով, թե դժվար է պատկերացնել, որ առաջիկայում սահմանային հատվածներում իրավիճակը կտրուկ կփոխվի:

Ինչպիսի՞ն է ապրիլյան իրադարձությունների կրկնության հավանականությունը: Հարցին ի պատասխան՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ դա կապված է նավթի գների հետ: Իրականում ապրիլյան հարձակման վրա Արդբեջանը ծախսել է շատ մեծ ռեսուրսներ և գումար, արդյունքում ստացել ոչինչ:

Անդրադառնալով դեկտեմբերի վերջին Հայաստանի սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունների վերաբերյալ Բորդյուժայի հայտարարությանը՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ այն առաջին հերթին Ադրբեջանին զսպելու նշանակություն ուներ: Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ հայտարարության մեջ նշված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաքագետը նշեց, որ դա նույնպես պետք է դիտարկել զսպելու համատեքստում: «ՀԱՊԿ-ի կողմից Ղարաբաղի ճանաչման մասին մտածելը լուրջ չէ: ՀԱՊԿ-ը կառույց է, որտեղ ներգրավված երկրներից յուրաքանչյուրն իր շահն ունի»,-ասաց նա:

ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող:

Դիվերսիոն անհաջող փորձից 12 օր հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, թե Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչությամբ, ինչի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին