Իրանը և Հայաստանը համագործակցության մեծ ներուժ ունեն. Հասան Ռոհանի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև ջերմ և սերտ հարաբերություններ են հաստատվել: Երևանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «Մեր ժողովուրդները միշտ ապրել են կողք կողքի հազարամյակների ընթացքում և գտնվում են քաղաքակրթական մեկ ընդհանուր միավորի ներքո: Իրանի ներկայիս կառավարության գործունեության շրջանում երկու երկրների հարաբերություններն առաջընթաց են ունեցել: Մենք առիթ ենք ունեցել հյուրընկալելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին մեր երկրում նախագահական ընտրություններից հետո երդմնակալության արարողության շրջանակներում, և ես մշտապես ցանկություն եմ հայտնել, որպեսզի պատասխան այցով լինեմ Հայաստանում: Ուրախ եմ, որ այսօր ես գտնվում եմ ձեր երկրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հասան Ռոհանին:

Իրանի նախագահը նշեց, որ Իրանը և Հայաստանը համագործակցության մեծ ներուժ ունեն: «Այդ ներուժի մի մասն արդեն օգտագործվում է, իսկ մի մասն էլ՝ առաջիկա ամիսների և տարիների ընթացքում հարկավոր է օգտագործել: Հատկապես էներգետիկայի բնագավառում մենք ականատես ենք լինում շատ սերտ համագործակցության երկու երկրների միջև: Մենք պետք է ջանքեր գործադրենք այդ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ»,- նշեց Իրանի նախագահը:

Հասան Ռոհանին հավելեց, որ պետք է ավարտին հասցվեն Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու աշխատանքները: «Մենք պետք է երկաթուղու միջոցով ունենանք Պարսից ծոցը Սև ծովին կապող ճանապարհ: Դրանով մենք նպաստավոր պայմաններ կստեղծենք մեր և մյուս տարածաշրջանների ժողովուրդների համար»,- ընդգծեց նա:

Իրանի նախագահը ընդգծեց հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններն առավել հեշտացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է երկու երկրների միջև արտոնյալ պայմաններ ստեղծել տարբեր ուղղություններում համագործակցության առումով: «Մենք լավ համագործակցություն ունենք կրթական և գիտական բնագավառներում: Առօրյա տեխնոլոգիական հնարավորություններից օգտվելով՝ մենք կարողանում ենք շարունակել սերտ համագործակցությունը նաև այս ուղղությամբ»,- ասաց Ռոհանին:

Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Իրանը փորձում է օգտվել այն հնարավորություններից, որն ընձեռում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: Հասան Ռոհանին նշեց, որ Իրանը քայլեր է ձեռնարկում Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ:

Հայերեն English Русский

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ