Հասարակական

Հայաստանում գոյություն չունի ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հարց. Լևոն Մկրտչյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանում գոյություն չունի ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հարց. Լևոն Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի պետական լեզուն հայերենն է, լեզուն մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է և «Լեզվի մասին» օրենքը փոփոխության ենթակա չէ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով ռուսերեն լեզուն որպես պետական երկրորդ լեզու ճանաչելու հնարավորության մասին հարցին և լրագրողներին խնդրեց նման հարց չբարձրացնել.«ՀՀ-ում այդպիսի հարց չի կարող գոյություն ունենալ»:

«Ցանկանում եմմեկընդմիշտ ֆիքսենք. ՀՀ պետական լեզուն հայերենն է, մեր լեզուն մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է և «Լեզվի մասին» օրենքը փոփոխության ենթակա չէ: Երկրորդ հարցն օտար լեզուների զարգացման հիմնախնդիրն է, որովհետև եթե ուզում ենք ունենալ գիտակրթական պոտենցիալ ունեցող տարածք, արդյունք, մեր երկրի քաղաքացիները պետք է մայրենի լեզվի փայլուն տիրապետումից զատ ունենան օտար լեզուների իմացություն: Եվրոպական երկրներում, բացի սեփական լեզվից, առկա է ռեալ երեք լեզվի գործածություն, մենք գնում ենք առնվազն երկու օտար լեզվի խորացման ուղղությամբ՝ ամբողջական կիրառման երկու հարթությամբ. հանրակրթական ընդհանուր դպրոցներում լեզվի կրթության բարելավում և խորացված ուղղություններով, որովհետև ունենք օրինակ ֆրանսերեն, գերմաներեն թեքումով դպրոցներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս երկու հարցերը պետք է իրարից տարանջատել:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ ցանկացած օտար պաշտոնյա, պաշտոնական անձ ցանկացած կարծիք կարող է հայտնել, սակայն մենք ունենք օրենսդրություն, այն աշխատում է և այն փոփոխելու որևէ հիմք չկա:

«Օտար լեզվին կարգավիճակ տալու որևէ խնդիր գոյություն չունի, գոյություն ունի եղած լեզուների ուղղությամբ խորացված գնալու հարց: Ռուսերենը ՀՀ-ում նույն կարգավիճակում է, ինչ մյուս օտար լեզուները: Ռուսաց լեզվի պարագայում ունենք մի կարևոր դաշտ, որովհետև գտնվում ենք ԵԱՏՄ-ում, նույն ռազմատեխնիկական համագործակցության դաշտում, որտեղ ռուսերենը միջպետական հաղորդակցման լեզու է: Սա մեծացնում է ՀՀ-ում ռուսերենն իմանալու անհրաժեշտությունը: Ռուսերենն անհրաժեշտ է խորացնել և մենք շահագրգռված ենք դրանում, բայց կարգավիճակային խնդիր չի կարող լինել»,- ընդգծեց Մկրտչյանը:

Օրերս Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան հայտարարել էր, որ ՌԴ-ն պետք է ջանք գործադրի նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենին օրենսդրական հատուկ կարգավիճակ տալու ուղղությամբ:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում