Կարծիքներ

Ապրիլյան պատերազմից հետո Ալիևը հասկացել է, որ ռազմական ճանապարհով չի կարող խնդիրը լուծել. Արտակ Զաքարյան

3 րոպեի ընթերցում

Ապրիլյան պատերազմից հետո Ալիևը հասկացել է, որ ռազմական ճանապարհով չի կարող խնդիրը լուծել. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպումներն հույսի այն տարրերն են, որ խնդիրը կարող է տեղից շարժվել, որովհետև հանդիպման բացակայությունը կամ երկար ընդմիջումը բացասական ազդեցություն են ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Ադրբեջանի նախագահի ոչ կառուցողական մոտեցումները, իր երկրում ու բանակցությունների սեղանին միմյանցից տարբերվող հայտարարություններ անելը գլխավոր պատճառներից են, որ մենք այսօր ունենք ձգձգված և այս պահի դրությամբ լուծման հեռանկար չունեցող հակամարտություն: Հայաստանը շարունակում է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավորը և խաղաղ բանակցություններով հարցի կարգավորմանը հասնելու ջատագովը: Հայաստանը միշտ պատրաստ է եղել ցանկացած մակարդակով հանդիպումների»,- ընդգծեց Զաքարյանը:

Պատգամավորը հավելեց, որ հայկական կողմը միշտ ասել է, որ այդ հանդիպումներից պետք է լինեն ակնկալիքներ, դրանք պետք է ունենան շարունակություն: Նրա խոսքով՝ հանդիպումները միշտ իմաստ են ունենում այն դեպքում, երբ դրանց ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են: Երբ Վիեննայում Ադրբեջանը համաձայնում է հետաքննության մեխանիզմների տեղադրմանը և դա դառնում է կոնսենսուսով որոշված խնդիր, իսկ հետո հրաժարվում է այդ մեխանիզմների ներդրումից, դա չի կարող առողջացնել բանակցային մթնոլորտը: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը տեսնում է մեկ ճանապարհ՝ ավանտյուրաներ, կոնֆլիկտային իրավիճակի ձգձգում, պատերազմի վտանգ և պատրանք ստեղծել»,- նշեց Արտակ Զաքարյանը:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն այն կարծիքին է, որ Ադրբեջանի նախագահը նման կերպ փորձում է լուծել մեկ խնդիր՝ երկարացնել իր և իր ընտանիքի իշխանությունը: Նրա խոսքով՝ Ալիևը վախի և թշնամանքի մթնոլորտում է պահում իր հասարակությանը, փորձում է ընդհանուր թշնամու կերպար ստեղծել, իսկ դա հեշտացնում է Ալիևի ռեժիմի ավտորիտար կառավարումը Բաքվում»,- նշեց նա:

Արտակ Զաքարյանը գտնում է, որ ապրիլյան պատերազմից հետո Ալիևը հասկացել է, որ ռազմական ճանապարհով չի կարող խնդիրը լուծել: «Հանուն իր իշխանության Ալիևը պատրաստ է իր բանակում գնալ մեծ զոհողությունների»,- եզրափակեց Զաքարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում