Արցախ

Շառլ Ազնավուրը ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի ընդունելություն է կազմակերպել

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի ընդունելություն է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնևի նշանավոր «Բո-Ռիվաժ» հյուրանոցի հանդիսությունների սրահում հոկտեմբերի 10-ին տրվել է պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ընդունելությանը ներկա էին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Չոյ Քյոնգլիմը, Շվեյցարիայի դաշնային օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և Բեռնում հավատարմագրված դիվանագիտական բազմաթիվ ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեսպան Ազնավուրն իր ելույթում նշել է, որ անկախության քսանհինգ տարիները հայ ժողովրդի համար եղել են փորձությունների, բայց միևնույն ժամանակ ձեռքբերումների և հաղթանակների տարիներ: Եվ թեև քառորդ դարը մեծ ժամանակահատված չէ ավելի քան երեքհազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար, այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անկախության քսանհինգ տարիները մեր ժողովրդի համար եղել են վճռորոշ` անկախ պետականության ամրապնդման և ազգերի ընտանիքում վերաինտեգրման ճանապարհին:

ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել հայ ժողովրդի բոլոր բարեկամներին, ովքեր Հայաստանի ուղեկիցներն են այդ ճանապարհին՝ առանձնահատուկ հիշատակելով Շվեյցարիայի Համադաշնությանը և Ժնևում տեղակայված միջազգային կառույցներին:

Շառլ Ազնավուրի առաջարկով ընդունելության մասնակիցները բաժակ ե բարձրացրել` հանուն Հայաստանի, հանուն հայ-շվեյցարական բարեկամության և հանուն մեր մոլորակի խաղաղ և բարեկեցիկ ապագայի:

Երեկոյի ընթացքում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլ հայ կոմպոզիտորների կատարումներ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում