ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է Սիրիայում С-300 տեղակայելու մասին
1 րոպեի ընթերցում
![ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է Սիրիայում С-300 տեղակայելու մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/10/862565.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Սիրիա է տեղափոխել հակաօդային պաշտպանության С-300 զենիթահրթիռային համակարգ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Նրա խոսքով` համակարգի խնդիրն է ապահովել Տարտուսի ռազմածովային բազայի և ափամերձ գոտում գտնվող ռուսական նավատորմի անվտանգությունը հնարավոր օդային սպառնալիքներից:
Կոնաշենկովն ավելացրել է, որ անհասկանալի է, թե ինչու է Սիրիայում С-300-ի տեղակայումը մեծ աղմուկ բարձրացրել Արևմուտքում:
«Հիշեցնեմ, որ С-300-ը բացառապես պաշտպանական համակարգ է և որևէ մեկին որևէ սպառնալիք չի ներկայացնում: Ավելին, ավելի վաղ, ինչպես ձեզ հայտնի է, տարածաշրջանում առկա էր ծովային օգտագործման համանման «Ֆորտ» համակարգ, որով հագեցած է սևծովյան նավատորմի «Մոսկվա» հրթիռային հածանավը»,- ընդգծել է նա: