Քաղաքականություն

Ազատ Արշակյանը տարածքային փոխզիջումների մասին խոսակցություններ շրջանառողներին սադրիչներ է համարում

2 րոպեի ընթերցում

Ազատ Արշակյանը  տարածքային փոխզիջումների մասին խոսակցություններ շրջանառողներին սադրիչներ է համարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում դասեր են քաղել քառօրյա պատերազմից, և երկրի ղեկավարության կողմից ամեն ինչ արվում է թերությունները շտկելու և նույն սխալներ չկրկնելու համար. այնտեղ կյանքն ընթանում է բնականոն հունով, և երկիրը շարունակում է զարգանալ: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ով վերջերս է վերադարձել Արցախից: «Հիմա Արցախում խաղաղության են պատրաստվում: Մարդիկ զբաղված են իրենց առօրյա աշխատանքներով: Այնտեղ հետևություններ են արել քառօրյա պատերազմից և քայլեր են ձեռնարկում, որպեսզի այդ ամենը չկրկնվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արշակյանը:

Արշակյանը հավելեց, որ հանդիպումներ է ունեցել Արցախի ղեկավարության հետ, և այդ հանդիպումների ընթացքում բոլորը վստահեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի հարցն արդեն լուծված է: «Նրանք վստահեցնում են, որ Արցախը պատկանում է իր իսկական տիրոջը, և խնդիրը լուծված է»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով փոխզիջումների մասին խոսակցություններին՝ Ազատ Արշակյանն ընդգծեց, որ նման խոսակցություններ շրջանառողները սադրիչներ են:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համաձայնեց Ազատ Արշակյանի հետ, որ Արցախում դասեր են քաղել քառօրյա պատերազմից և քայլեր են ձեռնարկվում թերությունները շտկելու ուղղությամբ: Պատգամավորն էլ այն կարծիքին է, որ տարածքային փոխզիջումների մասին խոսակցությունները դրսից են ներմուծվում՝ խառնաշփոթ ստեղծելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում