Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում ուղղված են քրդերի դեմ. Արման Նավասարդյան
2 րոպեի ընթերցում
![Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում ուղղված են քրդերի դեմ. Արման Նավասարդյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/08/858202.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռազմական գործողությունները մեկ խնդիր ունեն` ոչնչացնել կամ չեզոքացնել քրդական շարժումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Ֆորմալ առումով Թուրքիան, իրոք, սկսել է ռազմական գործողություններ՝ ուղղված «Իսլամական պետության» դեմ, սակայն այդ ամենը ձևական բնույթ է կրում: Այստեղ մի մեծ խնդիր է դրված` հնարավորինս կասեցնել կամ ոչնչացնել քրդական շարժումը:
Թուրքերը չեն թաքցնում, որ Ջարաբուլուս քաղաքը գրավելուց հետո ռազմական գործողություններ են ծավալվելու Սիրիայի սահմանի ամբողջ երկայնքով»,- ասաց Նավասարդյանը:
Նա նշեց, որ Թուրքիան կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը:
«Սա, փաստորեն, ռազմական ագրեսիա է: Երկու խոշոր պետությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումը բավականին հետաքրքիր է այս հարցում: Ռուսաստանը կոտրեց ԻՊ-ի ողնաշարը, որը և թուրքերին թույլ տվեց հարձակման անցնել քաղաքի ուղղությամբ: Մյուս կողմից՝ ԱՄՆ-ը փոխեց իր դիրքորոշումը քրդերի նկատմամբ»,- ասաց Նավասարդյանը:
Օգոստոսի 24-ին Թուրքիայի բանակը ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում Ջարաբուլուս քաղաքի ազատագրման համար` միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել ԻՊ խմբավորման գրոհայինների դիրքերին, հարվածներ են իրականացնում նաև տանկերով և հրետանիով: