Հարցազրույց

Հպարտ եմ, որ Հայաստանը նման փառատոն ունի. Գեորգի Խոջոյանը` մնջախաղի մասին

3 րոպեի ընթերցում

Հպարտ եմ, որ Հայաստանը նման փառատոն ունի. Գեորգի Խոջոյանը` մնջախաղի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մնջախաղի փառատոնին մասնակցող մտավորականները շատ են: «Արմենպրես»-ը զրուցեց «Անվերջ թատերական կղզի» թատրոն ստուդիայի գեղարվեստական ղեկավար Գեորգի Խոջոյանի հետ:

-Ի՞նչ կասեք մնջախաղի միջազգային փառատոնի մասին:

-Մնջախաղի փառատոններն ամբողջ աշխարհում շատ չեն: Միջազգային փառատոնը Ծաղկաձորում հպարտանալու առիթ է ստեղծում: Շատ փառատոններ սահմանները կորցրել են. այս փառատոնը անճաշակություն, գռեհկություն չի՛ ցուցադրում: Այն անցնում է բարձր մակարդակով, լավ տրամադրությամբ: Ժամանած մասնակիցներից շատերը անգամ օգնում են տարբեր տեխնիկական հարցերով: Այն չի զիջում միջազգային փառատոններին: Փառատոնն ազգություն չի՛ ճանաչում. բոլորս էլ թատրոնի քաղաքացիներ ենք, չկան ազգություններ: Ես հաճախ եմ ասում, որ ես Հայաստանի և աշխարհի քաղաքացի եմ: Լավ կլիներ, որ փառատոնների մասնակիցները վիզաների խնդիր չունենային: Լավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ շատ մարդիկ Երևանից գալիս են Ծաղկաձոր, այս հիանալի տոնին մասնակից լինելու համար:

-Փառատոնի ընթացքում վարպետության դաս եք անցկացրել: Կխոսե՞ք տպավորությունների մասին:

- Ակտիվ էին Ռուսաստանից ժամանած թատերախմբի երեխաները: Նրանց ղեկավարը, որը մասնակցեց դասին, ինձ խնդրել էր նոր էլեմենտներ սովորեցնել երեխաներին: Ինձ առաջարկեցին աշխատել նրանց հետ, քանի որ արդեն 35 տարի աշխատում եմ տարբեր տարիքի երեխաների հետ: Մեր թատերախմբում 40-ից ավելի ներկայացումներ ունենք: Վարպետության դասը նրանց խնդրանքվ անցկացրեցի և մեծ բավականություն ստացա: Երեխաներին առաջարկեցի մասնակցել նաև մյուս վարպետների դասերին՝ ավելի շատ բան սովորելու համար:

-Կպատմե՞ք «Անվերջ թատերական կղզի» թատրոն ստուդիայի մասին:

-Առաջին խումբը հավաքվել է 1981թ. արդեն 35 տարեկան ենք: Սկզբնական շրջանում թատերական խմբակ էինք, հետո ստուդիա, իսկ ավեի ուշ նաև թատրոն, քանի որ ընթացքում շատ ներկայացումներ բեմադրվեցին: Խմբում 10-12 դերասան են ընդգրկված: Անցյալ տարի՝ Լ.Ենգիբարյանի ծննդյան ութսունամյակին, հավաքեցի խմբի երեխաներին ու ասացի, որ ցանկանում եմ 15 ներկայացում բեմադրել: Ասացի և ինքնս էլ վախեցա ասածիցս: Սակայն տարվա ընթացքում 6 ներկայացում և 9 մոնոներկայացում բեմադրեցինք: Կային ներկայացումներ, որ մի քանի անգամ խաղացինք: Շատ եմ սիրում մեր թատրոնը, կարծում եմ՝ մեր դերասանները շատ գեղեցիկ են: Հաճախ երեխաներին ասում եմ, որ պրոֆեսիոնալ դերասանների նման չխաղան, երբ հարցնում են ինչու ասում եմ, որ նրանք վատ են խաղում: Երեխաները բնական են:

-Ակտիվ հետևում եք փառատոնի ընթացքին: Մասնակիցների մեջ կա՞ն ֆավորիտներ:

-Միանշանակ Kalashyan dancing շոուն: Տարբեր երկրներից մասնակիցներ ունենք և ես հպարտ եմ, որ մեր երկիրը ներկայացնող խումբը հոյակապ ներկայացավ: Հրաշալի բեմադրություն էր: Մաքուր մնջախաղ չէր. պարային բեմադրություն էր:

-Շնորհակալություն զրույցի համար:

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում