Սպորտ

Բարի գալուստ «կարմիր սատանաների» ակումբ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները ջերմորեն են ընդունել Մխիթարյանին

4 րոպեի ընթերցում

Բարի գալուստ «կարմիր սատանաների» ակումբ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները ջերմորեն են ընդունել Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի երկրպագուները ողջ աշխարհից ողջունել ու գրկաբաց են ընդունել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սոցցանցերում անգլիական ակումբի երկրպագուների արած մեկնաբանություններն ու թողած գրառումները խոսուն ապացույց են, որ Մխիթարյանի տեղափոխությունն ակումբը մեծապես սպասված էր և ողջունելի:

«Մխիթարյան, բարի գալուստ «կարմիր սատանաների» ակումբ: Հուսով ենք, որ դու Մանչեսթերում կխաղաս նույն կերպ, ինչ Դորտմունդում»,- գրել է Քևին Բրայթբախը:

«Այնքան ուրախ եմ, որ նման հիանալի ֆուտբոլիստը կխաղա մեզ համար հաջորդ մրցաշրջանում: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նրան տեսնելու «Օլդ Թրաֆորդ»-ում»,- նշել է Ջուլիեն Մալանը:

«Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, որ երբևէ ներկայացրել է այս հանրաճանաչ ֆուտբոլային ակումբը: Բարի գալուստ «Մանչեսթեր Յունայթեդ», Հենրիխ»,- ողջունել է Անամիտրա Դեյը:

«Պրեմիեր լիգայի հաջորդ չեմպիոնը դառնալու է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Հենրիխը ֆանտաստիկ խաղացող է: Պարոն Մոուրինյոն շատ լավ թիմ է ստեղծում»,- ընդգծել է Պեդրո Մագալաեշը:

«Հուսով եմ, որ տարիներ անց մենք քեզ լեգենդ կկոչենք»,- նման մեկնաբանություն է թողել Աբդուլլահ Խան Մոհսին:

«Թեպետ ես չեմ կարողանում արտասանել նրա անունը, սակայն ողջունում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում»,- նշել է Ահմեդ Քադու Մութասան:

«Տվեք նրան 11-րդ համարը` սփոփելու լեգենդ Գիգսի հեռանալը, քանի որ Մխիթարյանի համաշխարհային որակները կհիշեցնեն մեզ լեգենդի մասին»,- գրել է Դևիդ Բոակյե Յիադոմը:

«Բարի գալուստ «Յունայթեդ»: Ես գիտեմ, դու մեծ գործեր ես անելու ակումբի համար: Անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանին»,- նշել է Քեյթ Սիմոնսը:

«Մենք պետք է այս տղային մի կարճ անուն դնենք, քանի դեռ որևէ մեկն իր լեզուն չի կծել: Բարի գալուստ «Մանչեսթեր Յունայթեդ» Հենրիխ Մխիթարյան»,- գրել է Ժոզեֆ Կոլաուոլե Բութլերը:

Անգլիական հեղինակավոր «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը հուլիսի 7-ին պաշտոնապես հայտարարել է Հենրիխ Մխիթարյանին գնելու մասին` ներկայացնելով հայ կիսապաշտպանին իր երկրպագուներին: Մխիթարյանը լուսանկարվել է իր նոր մարզաշապիկով, ինչպես նաև հանդիպել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Նա առաջին հարցազրույցն է տվել անգլիական ակումբի պաշտոնական կայքին: «Ես ամեն ինչ կանեմ իմ լավագույն որակները ցուցադրելու համար»,- ասել է հայ ֆուտբոլիստը: Նա հավելել է, որ անգլիական ակումբ տեղափոխվելու որոշման վրա ազդեցություն է ունեցել այն հանգամանքը, որ թիմի գլխավոր մարզչի ղեկը ստանձնել է հանրահայտ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն: «Սակայն կարևոր է նաև թիմը, որն ունի շատ հարուստ պատմություն: Ես չէի կարող մերժել այս առաջարկը և շատ երջանիկ եմ այստեղ լինելու համար»,- ասել է Մխիթարյանը: Նա հավելել է, որ առաջիկա մրցաշրջանն իր համար հրաշալի է լինելու ՝ հավելելով, որ իր համար հաճելի կլինի խաղալ նոր թիմի ֆուտբոլիստների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում