Ցեղասպանության երկրորդ սերունդն արձագանքում է
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց գրքերը հանրության դատին հանձնեցին ցեղասպանագետ, Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի նախկին դասախոս Ռուբինա Փիրումյանը եւ Վիտալի Յանկոն:
Ցեղասպանագետը ներկայացնում է «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» շարքի երրորդ հատորը «Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները» խորագրով:
«Ինձ համար ամեն մի զոհ, ամեն մի վերապրած իր պատմությունն ունի, եւ այդ պատմությունների մեջ ես ապրել եմ շատ երկար: Կցանկանամ նշել գրքից մի բան որպես պատգամ. այս ամեն ինչով հանդերձ՝ մեզ համար արգելված է, այսինքն՝ հնարավոր չէ այդ ապաքինումը: Այդ պիտակը հնարավոր չէ նետել եւ լիակատար ազգ դառնալ, ապրել որպես ազգ մեր անցյալով, ներկայով եւ ապագայով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Ռուբինա Փիրումյանը, ում «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» շարքի երեք հատորները յուրօրինակ կերպով ցույց են տալիս ցեղասպանության ընկալումը տարբեր սերունդների կողմից՝ սկսած հենց վերապրածներից մինչ նրանց հետնորդները:
«Այս գիրքը շատ հետաքրքիր է թե՛ հասարակական, թե՛ հոգեբանական տեսանկյունից եւ գրված է շատ լայն հայացքով: Այն մարդը, ով փրկվել է եղեռնից, ոչ միայն արտացոլում է ազգային հայրենիքի, այլեւ անմիջականորեն իր կորցրած տան գաղափարը: Հաջորդ սերնդի մեջ արդեն հայրենական տան գաղափարը փոխվում է կորուսյալ հայրենիքի գաղափարի, դրանից բացի որոշակի շերտեր, գույներ մտնում են այս սերնդի մեջ: Գրքում շատ նուրբ կերպով վերլուծված է Եղեռնի եւ Արեւմտյան Հայաստանի գաղափարը, եւ թե ինչպես են դրանք բեկվում ժառանգների ամեն մի սերնդի մեջ»,- գրքի վերաբերյալ նման կարծիք հայտնեց Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը:
Իսկ Վիտալի Յանկոյի «Խոստացիր ինձ, ծովը վկա» հուշագրության մեջ ներկայացված է ցեղասպանությունը վերապրած ընտանիքի ճակատագիրը՝ գրքի հերոսուհի Նարգիզ Ժամկոչյանի հիշողությունների հիման վրա: Հեղինակը պատմում է, թե ինչպես են ընտանիքի անդամներից մի քանիսը փրկվել այդ զարհուրելի դեպքերից եւ ինչպես են շարունակել ապրել: