Քաղաքականություն

Ֆրանսիան հույս ունի, որ հետաքննական մեխանիզմների ներդրումը լույս կսփռի ապրիլյան իրադարձությունների վրա

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան հույս ունի, որ հետաքննական մեխանիզմների ներդրումը լույս կսփռի ապրիլյան իրադարձությունների վրա

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն դրական է գնահատում հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը:«Փաստը, որ երկու պետությունների նախագահները հանդիպում են, ընթանում են խոսակցություններ` ուղղված վստահության ամրապնդման միջոցառումների հաստատմանը, ինքնին արդեն լավ նշան է, քանի որ առանց երկխոսության, առանց հակառակ կողմի դիրքորոշումները պատկերացնելու չի կարող լինել քաղաքական լուծում: Իմ կարծիքով` հանդիպմանը հաջորդած` կանոնավոր հանդիպումներ ունենալու մասին հայտարարությունը շատ լավ միտք է, եւ ես` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից մեկի ներկայացուցիչ, կարող եմ եւս մեկ անգամ ընդգծել Ֆրանսիայի` բանակցային գործընթացում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց դեսպանը` ընդգծելով նաեւ շփման գծում հետաքննական մեխանիզմների ձեւավորման կարեւորությունը:

«Մեզ համար սա առանցքային նշանակություն ունեցող հարց է, եւ ես կարող եմ նշել, որ մեր գործընկերները Վիեննայում արդեն իսկ աշխատում են այդ ուղղությամբ: Կցանկանամ, որ այդ մեխանիզմները ներդրվեն` հուսալով, որ դրանք քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերի վրա լույս կսփռեն»,- ասաց նա:

Դեսպանը չբացառեց, որ հնարավոր է` երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպումը կայանա Ֆրանսիայի նախաձեռնությամբ:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցան եռակողմ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում