Քաղաքականություն

ՄԽ համանախագահների հայտարարությունը համահունչ է ՀՀ նախագահի հայտարարություններին. Շարմազանով

4 րոպեի ընթերցում

ՄԽ համանախագահների հայտարարությունը համահունչ է ՀՀ նախագահի հայտարարություններին. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համահունչ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ վստահության մեխանիզմների ներդրման և զինադադարի պահպանման վերաբերյալ: Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ցանկության վերաբերյալ: «Ընթերցել եմ համանախագահների հայտարարությունը, և կարող եմ ասել, որ այդ հայտարարությունը հիշեցնում է նախագահ Սարգսյանի հայտարարությունների բառապաշարը: Բառապաշարը համահունչ է նախագահ Սարգսյանի հայտարարություններին՝ վստահության մեխանիզմների ամրապնդման և զինադադարի պահպանման մասին: Մենք տեսնում ենք, որ այսօր խոսք չկա նոր փաթեթի մասին, խոսքը գնում է բացառապես այն առաջարկների վերաբերյալ, որի մասին խոսել է հանրապետության Նախագահը՝ վստահության մեխանիզմների ներդրում, զինադադարի պահպանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Շարմազանովը հիշեցրեց, որ նախորդ շաբաթ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն դրական է արձագանքել ՀՀ նախագահի առաջարկներին՝ հավելելով, որ արդեն կարելի է ասել, որ ոչ միայն ՌԴ ԱԳ նախարարը, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են դրական արձագանքել: «Եվ ցանկանում եմ նշել նաև, որ այն սկեպտիկները, ովքեր քննադատում էին Նախագահի դիրքորոշման կոշտացում, թե դա չի բխում մեր շահերից և կարող է հանգեցնել կոնֆլիկտի համանախագահ երկրների և Հայաստանի միջև, մենք տեսանք, որ դա կոնֆլիկտի չհանգեցրեց, այլ ընդհակառակը՝ նախագահի ամբողջական կոչից ու հնչեցրած ազդակից հետո այսօր համանախագահները խոսում են այն բառապաշարով, որով խոսում է մեր նախագահը»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Հարցին, թե Հայաստանի իշխանություններն ինչպե՞ս են տրամադրված և կայանալո՞ւ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի մասին խոսում են համանախագահները, Շարմազանովը պատասխանեց. «Նախագահների հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունը օրենքով սահմանված ժամկետներում դուք կունենաք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա: Ինչ վերաբերում է իմ մասնավոր դիրքորոշմանը, ես նշեցի, որ համանախագահ երկրների այս հայտարարությունը շատ նման է այն բառապաշարին, որով խոսել է նախագահը: Այսինքն՝ նախագահի կողմից արված առաջարկների հիմնական մասը ներառված է այդ հայտարարության մեջ»,- եզրափակեց նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանը հասնելու հարցում: «Վերջին բռնությունների և շփման գծում լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության լույսի ներքո մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: Մեր արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստելու այդ հանդիպման կազմակերպմանը հաջորդ շաբաթ Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և հասնել վստահություն սերմանող միջոցների շուրջ համաձայնության, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների վերսկսման համար` հանուն համապարփակ կարգավորման` հիմնված քննարկվող հիմնարար տարրերի և սկզբունքների վրա:

Բանակցությունները հաջողություն չեն ունենա, եթե բռնությունը շարունակվի, և չի կարող լինել խաղաղություն՝ առանց բանակցային գործընթացի: Մենք հաստատում ենք, որ հակամարտությունը զինված կարգավորում չի կարող ունենալ»,- ասվում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում