Կորյուն Նահապետյանը մեկնաբանել է Արցախի ճանաչման մասին օրինագծին կառավարության եզրակացությունը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն անդրադարձել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծի եզրակացությանը հավանություն տալու կառավարության որոշմանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նահապետյանը փորձեց բացել փակագծերը՝ ինչ է նշանակում այդ որոշումը: «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների միջև քննարկումներ են ընթանում՝ իրավիճակի հետ կապված, և ապրիլյան քառօրյա պատերազմը կտրուկ փոխել է իրադրությունը և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ արտաքին ուղղություններով: Այս տեսանկյունից մենք նախ պետք է գնահատենք, թե որն է մեր շահը՝ փորձելով կողմնորոշվել, թե ստեղծված իրավիճակում որոնք են մեր ժողովրդի և մեր երկու պետությունների շահերից բխող ճիշտ քայլերը: Տվյալ պարագայում Հայաստանի նախագահի կողմից շատ հստակ ասվել է՝ եթե ադրբեջանական կողմը սանձազերծեց նոր ռազմական գործողություններ, Հայաստանի իշխանությունները պատրաստ են լինելու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը:
Նա ընդգծեց, որ պատգամավորների ներկայացրած նախագծի վերաբերյալ ԱԳՆ եզրակացության մեջ հստակ գրված է, որ քննարկումները շարունակվում են երկու կողմերի միջև, իսկ հաջորդող քայլերը պետք է պայմանավորված լինեն այդ քննարկումների արդյունքներով ու նաև արտաքին գործոններով: «Այդ արտաքին գործոնները պայմանավորված են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործողություններով: Եվ մեր դիրքորոշումը շատ հստակ է եղել, հրապարակվել է շատ բարձր մակարդակով, որ այս պահի դրությամբ քանի դեռ հասցեական գնահատական չի տրվել Ադրբեջանի ռազմական ագրեսիային, և հստակ երաշխիքներ չեն ձևավորվել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ևս մեկ ռազմական ագրեսիա տեղի չի ունենա, մենք նպատակահարմար չենք գտնում, որ կարող են բանակցությունները վերսկսվել»,- ընդգծեց պատգամավորը:
Նա հավելեց, որ հայկական կողմի ներկայացրած առաջարկների վերաբերյալ ակնկալիքներ կան՝ նկատելով, որ եթե չլինեին ակնկալիքներ, կլինեին շատ ավելի հստակ գործողություններ: «Հենց այս ակնկալիքներով է հիմնականում պայմանավորված, որ մենք ասում ենք, թե Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հաստատակամ են հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում: Եթե մենք տեսնում ենք, որ գեթ մեկ հնարավորություն կա հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու, ապա մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից: Ես խնդրում եմ այս համատեքստում դիտարկել կառավարության եզրակացությունը, որ պայմանավորված է արտաքին գործոններով և երկու պետությունների համապատասխան իշխանության մարմինների քննարկումների արդյունքներով: Իսկ թե ինչ վերջնական դիրքորոշում կձևավորվի, դա կախված է նաև զարգացումներից: Մենք հիմա չենք կարող այսպես ամբողջական կանխատեսումներ անել»,- եզրափակեց պատգամավորը: