ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկու մարդ է զոհվել, ևս յոթը վիրավորվել են Երևանում ապրիլի 25-ին ուղևորատար ավտոբուսի պայթյունի հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վիրավորներից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Երկու զոհվածների ինքնությունը պարզվում է։
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ պայթյունը ֆիքսել են ճանապարհային տեսախցիկները։ Ոստիկանության պետի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմի առջևից երկրորդ նստատեղից։ Ոստիկանապետը չի բացառել, որ պայթող նյութը այդ նստատեղին նստած անձի մոտ է եղել, ում ինքնությունը պարզելու համար աշխատանքներ են տարվում։
Առավել մանրամասն, տեղեկություններ, ըստ ոստիկանության պետի, կլինեն առավոտյան։
Դեպքից անմիջապես հետո ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտարարություն է տարածել դեպքի վայրում իրականացվող փրկարարական և քննչական աշխատանքների վերաբերյալ։
Հայտարարությունում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը:
«Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից»,- նշված է հայտարարությունում:
ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության համաձայն, պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության վարչության վարույթում: Փորձագետների մասնակցությամբ քննչական խումբն իրականցնում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհետաձգելի քննչական, դատավարական և օպերատիվ հետախուզական գործողություններ: