Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ավագ լեյտենանտ Բենյամին Եղոյանի հոգեհանգիստը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայրենասեր, համեստ, գործի նվիրյալ. Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Բենյամին Եղոյանի հոգեհանգիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին նրա հարազատները, ընկերները և պարզապես մարդիկ, ովքեր եկել էին հրաժեշտ տալու հերոսին:

Ընտանիքի բարեկամ Անուշավան Սարգսյանը փաստում է` Եղոյանը հայրենասեր անձնավորություն էր: «Ընտանիքի մյուս որդու հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել, մահացել է: Շատ հայրենասեր, շատ մարդկային, հոյակապ հայ էր: Ավագ լեյտենանտ էր, սովորել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում»,- պատմեց ընտանիքի բարեկամը:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի մանկավարժ Մարինե Առաքելյանը Բենյամին Եղոյանի դասղեկն է եղել:

«Նա 2003 թվականից կրթահամալիր է տեղափոխվել, 5-րդ դասարանից եղել եմ նրա դասղեկը: Խորը վիշտ ու ցավ եմ ապրում: Կորցրել ենք իսկական հերոսի: Դասավանդել եմ գրականություն: Հոյակապ անձնավորություն էր, օգնում էր թույլերին, թույլ չէր տալիս որևէ մեկին վիրավորել: Միշտ կապ ենք ունեցել, խորհուրդներ էր հարցնում, իր հաջողությունների մասին պատմում»,-նշեց Մարինե Առաքելյանը:

Բենյամին Եղոյանի դասախոս, փոխգնդապետ Գրիգոր Սերոբյանը միշտ գոհ է եղել իր ուսանողից:

«Շատ լավ կուրսանտ էր, դրական արդյունքներ էր ցուցաբերում, համեստ, կշռադատված էր: Ցավոք, նման բախտի չպետք է արժանանար: Պատերազմը տանում է լավերին: Շատ բան կպատմեի նրա մասին, բայց հուզմունքը թույլ չի տալիս: Նրա հայրը մեր հայտնի գնդապետներից էր, ուզում էր հոր ուղին շարունակել»,-հավելեց Գրիգոր Սերոբյանը:

Ավագ լեյտենանտ Բենյամին Ներսեսի Եղոյանը ծնվել է 1992թ.: Զինված ուժերում էր 2009-ից: Հերոսին կհուղարկավորեն Եռաբլուրում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 32 կորուստ ունի, 25 զինծառայող անհայտ կորած է, 121 մարդ` վիրավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: Ադրբեջանն ինտենսիվ խախտում է պայմանավորվածությունը` ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը կատարելով դիվերսիոն անհաջող երկու փորձ, ապրիլի 6-ի գիշերը կրակի տակ պահելով անգամ ՀՀ Վարդենիս քաղաքը:

Հայերեն

Հայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Պապոյան

Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ

Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին

Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա

Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում

Ընտրակաշառքի գործերով ազատազրկման դեպքերի բացակայությունը դատաիրավական համակարգի ճգնաժամի դրսևորում է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին

Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ հարցեր են քննարկվել Դիլիջանում Գրիգորյան-Հաջիև հանդիպման ժամանակ