Հասարակական

Արցախում վիրավորված 121 զինվորներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է. հոսպիտալում արձանագրվել է նաև մահվան դեպք

4 րոպեի ընթերցում

Արցախում վիրավորված 121 զինվորներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է. հոսպիտալում արձանագրվել է նաև մահվան դեպք

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով հոսպիտալային օղակում արձանագրվել է մահվան մեկ դեպք: ՀՀ ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը փաստն աննախադեպ է համարում: «Ամբողջ գործողության ընթացքում ընդհանուր վիրավորների թիվը 121 է եղել: 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 10-ը` ծանր հիվանդներ են: Մնացածները թեթև բեկորային վնասվածքներ են ստացել, կապաքինվեն առաջիկայում: Քիչ առաջ պաշտպանության բանակից նորից վիրավոր ընդունեցինք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Կամավոր Խաչատրյանը: Նրա տեղեկացմամբ` ՀՀ ՊՆ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այս պահին բուժում է անցնում 32 վիրավոր:

«Բոլորը խնդրում են վերադառնալ իրենց ծառայության վայրեր, նշում են, որ պարտավոր են վերադառնալ ծառայության»,-շեշտեց նա:

ՀՀ ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի խոսքով` բժշկական ծառայություններն առաջին իսկ օրվանից լիարժեք աշխատանք են տարել: «Բժշկների խիզախությունն անգնահատելի է: Ունեցել ենք հոսպիտալային օղակում մահվան մեկ դեպք: Դա ցավալի է, բայց միայն մեկ դեպքի արձանագրումը գերազանց աշխատանքի արդյունք է: Դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի հոսպիտալում»,-հավելեց նա` ընդգծելով, որ նախօրեին, երբ բժիշկներն իրենց աշխատանքն էին իրականացնում, հակառակորդը խոցել է բժշկական մեքենան:

«Միջազգային կոնվենցիայով արգելված է Կարմիր խաչով մեքենայի վրա կրակել, մարդկային զոհ չենք ունեցել, միջին բուժանձնակազմի որոշ անդամներ վիրավորումներ են ստացել»,-շեշտեց Կամավոր Խաչատրյանը:

Նա նաև հատուկ ընդգծեց, որ այս ընթացքում լուրջ համագործակցություն է եղել առողջապահության նախարարության հետ: «Ծառայության կազմակերպման ընթացքում, լինելով վստահ մեր ուժերին, մեր ռեզերվները չենք օգտագործել »,-ընդգծեց նա:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 32 կորուստ ունի, 25 զինծառայող անհայտ կորած է, 121 մարդ` վիրավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: Ադրբեջանն ինտենսիվ խախտում է պայմանավորվածությունը` ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը կատարելով դիվերսիոն անհաջող երկու փորձ, ապրիլի 6-ի գիշերը կրակի տակ պահելով անգամ ՀՀ Վարդենիս քաղաքը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում