Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը լուծելիս երկիրը պետք է բանակցային կողմ լինի. Ռուբեն Մեհրաբյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն անհնար է լուծել առանց դրա մասնակցության: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:
«ԼՂՀ խնդիրը հնարավոր չէ լուծել առանց Ղարաբաղի մասնակցության. այն պետք է բանակցային կողմ լինի: Այն, ինչ այսօր ունենք, մեր հայ քաջ զինվորի արժանիքն է: Մեզ դիվանագիտական հարթակում այլ աշխատանք է հարկավոր: Հայ զինվորը, հերոսաբար պաշտպանելով սահմանը, գերազանց հաղթաթղթեր է տվել հայկական դիվանագիտությանը: Արտաքին քաղաքականության համար հիանալի պատուհաններ են բացվել, դրանք պետք է դառնան իրականացված հնարավորություններ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով` ժամանակակից աշխարհում 4 օր տևող պատերազմները բավականին շատ են: Քաղաքական վերլուծաբանը վերհիշեց, որ, օրինակ, ռուս-վրացական պատերազմը 5 օր է տևել:
Ռուբեն Մեհրաբյանը հատուկ շեշտեց նաև, որ անթույլատրելի է 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագրից բացի նոր պայմանագիր կնքելը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 32 կորուստ ունի, 25 զինծառայող անհայտ կորած է, 121 մարդ` վիրավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: Ադրբեջանն ինտենսիվ խախտում է պայմանավորվածությունը` ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը կատարելով դիվերսիոն անհաջող երկու փորձ, ապրիլի 6-ի գիշերը կրակի տակ պահելով անգամ ՀՀ Վարդենիս քաղաքը: