Լոս Անջելեսի հայերը Ադրբեջանի հյուպատոսության դիմաց բողոքի ցույց կիրականացնեն
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի հայ համայնքն ապրիլի 8-ին կհավաքվի Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց` իր բողոքի ձայնն արտահայտելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կառավարության վեջրին հարձակումների առնչությամբ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ-ի Հայ երիտասարդների ֆեդերացիայից:
«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շարունակվող դաժան հարձակումներն ու պատերազմական հանցագործություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի խաղաղ քաղաքացիական բնակչության, ինչպես նաև մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի անկախությանն ու նրա ինքնորոշման իրավունքին: Թեպետ ապրիլի 5-ին հայտարարվեց երկկողմ հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը շարունակում է իր հարձակումները: Այս բռնության չվերջացող շրջափուլի պատճառները պահպանվում են, պետք է բողոքել դրա դեմ»,- նշել է Հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամ Ջոզեֆ Քասքանյանը:
Նա նշել է, որ խաղաղ բնակչությանը կրակի տակ պահելով` Ադրբեջանը պատերազմական հանցագործություն է գործում, ինչն անընդունելի է:
Տեղի ժամանակով 13.00-ին մեկնարկող բողոքի ցույցի մասնակիցներն իրենց համերաշխությունը կհայտնեն նաև Արցախի ժողովրդին:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ նախօրեին Թալիշում ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների:
Հայկական կողմը 32 կորուստ ունի, 25 զինծառայող անհայտ կորած է, 121 մարդ` վիրավոր:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա:
Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն:
Ադրբեջանն ինտենսիվ խախտում է պայմանավորվածությունը` ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը կատարելով դիվերսիոն անհաջող երկու փորձ, ապրիլի 6-ի գիշերը կրակի տակ պահելով անգամ ՀՀ Վարդենիս քաղաքը: