Արմեն Աշոտյանը Բրյուսելում եվրոպացի լրագրողներին է ներկայացրել վերջին օրերի զարգացումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Բրյուսելում եվրոպացի լրագրողներին է ներկայացրել վերջին օրերի զարգացումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Աշոտյանը գրել է ֆեյսբուքի իր էջում:

«Նոր ավարտեցի եվրոպացի լրագրողների համար Բրյուսելում հրավիրված ասուլիսը, որի ընթացքում մանրամասն ներկայացրեցի վերջին օրերի զարգացումները և հայկական տեսակետները։ Իհարկե, մեր ճակատագիրը կերտում ենք բացառապես մենք և մեր բանակը։ Միաժամանակ շատ կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնել ճշմարտությունը։ Բոլորս պետք է մեր տեղեկատվական ջանքերը ուղղենք նաև արտաքին լսարանին։ Շարունակենք օտար լեզուներով համապատասխան նյութերի պատրաստումը և տարածումը»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 29 կորուստ ունի, 28 զինծառայող անհայտ կորած է, 101 մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում երկկողմ համաձայնությամբ դադարեցվել է կրակը:

Հայերեն Русский