3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավորներն ապրիլի 5-ին խորհրդարանում փակ քննարկում կանցկացնեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ազգային ժողովի նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ ընդառաջ են գնացել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի՝ առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ փակ քննարկում կազմակերպելու առաջարկին: «Ես այդ հարցով զրուցել եմ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ: Ապրիլի 5-ին ժամը 18:30-ին նիստերի դահլիճում կկազմակերպենք այդ քննարկումը: Ցանկալի է բոլոր պատգամավորների մասնակցությունը: Քննարկմանը կմասնակցեն Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակչի: Հայկական կողմը 20 կորուստ ունի, 26 զինծառայող անհայտ կորած է, 72 մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1- 4-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է մոտ 300 կորուստ, ոչնչացվել է 29 տանկ , 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: