ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Որևէ այսպես կոչված նոր «միակողմանի զինադադարի» մասին խոսք լինել չի կարող, քանի որ Ադրբեջանի կողմից ստորագրված 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերն ուժի մեջ են, և Ադրբեջանը ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլ որպես միջազգային պարտավորություն պետք է հետևի այդ փաստաթղթերի տառին և ոգուն: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ ՍարգսյանըԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը: «Իմիջիայլոց, կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն այն ժամանակվա միջնորդները, ովքեր իմ կարծիքով հանդիսանում են նաև զինադադարի ռեժիմի պահպանման երաշխավորներ: Այդ փաստաթղթի կողմ է Լեռնային Ղարաբաղը, և Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ` անկախ նրանից հավանում է ղարաբաղցիներին, թե` ոչ: Ավելին, կարծում եմ, որ զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է դառնա մանրամասն ուսումնասիրության և գնահատականի առարկա, քանի որ դա է արդյունավետ բանակցային գործընթացի գրավականն ու շարժառիթը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասել է ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ որպես ԵԱՀԿ անդամ երկիր՝ Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում: «Եթե առկա է կամք և ցանկություն շտկել իրավիճակը, ապա հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և պարտադրել Ադրբեջանին հարգել 1994թ. զինադադարի ռեժիմը»,- ասել է Նախագահը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ ՍարգսյանըԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին տեղեկացրել է, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել:«Ադրբեջանի հերթական լկտի պահվածքի վերջին դրսևորումներից մեկն էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն էր, որում ասվում էր, թե իբր մարդասիրական քաղաքականությունից ելնելով` Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցնում է պատասխան գործողությունները «թշնամու նկատմամբ» և սկսում կյանքի կոչել ազատագրված տարածքների պաշպանության ամրապնդման ծրագիրը: Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել և, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ: Պարզ է չէ՞, որ սրանով Ադրբեջանը կրկին մոլորեցնում է միջազգային հանրությանը և փորձում ստեղծել նախադրյալներ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունները և դրանց հետագա շարունակությունը քողարկելու համար»,-դեսպանների հետ հանդիպմանն ընդգծել է Սերժ Սարգսյանը: