Հասարակական

Ի՞նչ վիճակ է Մարտակերտ շրջկենտրոնում. տեղեկացնում է շրջվարչակազմի ղեկավարը

3 րոպեի ընթերցում

Ի՞նչ վիճակ է Մարտակերտ շրջկենտրոնում. տեղեկացնում է շրջվարչակազմի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարտակերտ քաղաքում ապրիլի 2-ի ուշ երեկոյան ադրբեջանական կողմից համեմատաբար դադարեցված հրետակոծությունը նոր ակտիվությամբ վերսկսվել է ապրիլի 3-ի առավոտյան` ժամը 09:00-ի սահմաններում և կարճ դադարներով մինչև այս պահը շարունակվում է: Այդուհանդերձ,իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է և բնակչության շրջանում շարունակում է գերիշխել մարտական տրամադրությունը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը` հավելելով, որ քաղպաշտպանության պլանի համաձայն` քաղաքի բնակչությունը պատսպարվել է ապաստարաններում և հրետակոծության դադարների ժամանակ դուրս գալով զբաղվում է առօրյա խնդիրների լուծմամբ:

«Մարտակերտում բարձր աստիճանի պատրաստականության է բերված քաղպաշտպանության շտաբը: Բացի այդ ակտիվությամբ են գործում շրջկենտրոնի ենթակառուցվածքների գործունեությունը ապահովող ծառայությունները, որոնք թշնամու կողմից վնասված ենթակառուցվածքները փորձում են արագ վերականգնել»,-մանրամասնել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը:

Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում զոհեր և վիրավորներ չկան, սակայն թշնամու հրետակոծության հետևանքով շրջկենտրոնում վնասվել են առաձնատներ, ծառեր, ինչպես նաև քաղաքը սնուցող գազատար խողովակներ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքիցիրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 14 տանկ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում