Ինովացիա

Սամվել Մարտիրոսյանը Հայաստանի հանրությանը կիբեռհանցագործությունների մասին իրազեկելու խնդիրներ է տեսնում

2 րոպեի ընթերցում

Սամվել Մարտիրոսյանը Հայաստանի հանրությանը կիբեռհանցագործությունների մասին իրազեկելու խնդիրներ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեռևս ստեղծված չեն կիբեռհանցագործությունների մասին հանրությանը պատշաճ իրազեկելու մեխանիզմներ: «Կիբեռանվտանգության ոլորտի զարգացումը ՀՀ-ում» թեմայով միջազգային սեմինարի ժամանակ նման կարծիք հայտնեց մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Ցավոք, դեռևս հստակ չէ, թե Հայաստանում որ մարմինը պետք հանրությանը իրազեկի կիբեռհանցագործությունների, դրանց վտանգների ու դիմակայելու մասին: Բայց մենք պետք է կարողանանք գտնել արդյունավետ մեխանիզմ հանրությանն այս վտանգի մասին իրազեկելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարտիրոսյանը:

Փորձագետը հավելեց, որ Հայաստանը կիբեռհանցագործության առումով արդեն իսկ թիրախ է ոչ միայն հարևան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար: «Երկար տարիներ Հայաստանը լուրջ շուկա չի եղել միջազգային կիբեռհանցավոր խմբերի համար, քանի որ այստեղ օգտատերերի թիվն է փոքր: Երկար տարիներ մենք փաստացի այս առումով որպես վտանգ ընկալել ենք Ադրբեջանին ու ինչ-որ առումով Թուրքիային: Բայց այս ուղղություններում վտանգները շատ յուրահատուկ են և լուրջ: Ինձ թվում է, որ այս պատկերացումները ճիշտ չեն փոխանցվում մեր հանրությանը, և այսօր երբ միջազգային տեղեկատվական կրիմինալը արդեն ներթափանցել է Հայաստան, մենք չենք հասցնում գիտակցել այդ փոփոխությունները»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

Փորձագետը մյուս լուրջ խնդիրը համարում է այն հանգասմանքը, որ Հայաստանում չի ձևավորվել մշակույթ լուրջ միջադեպերի մասին իրազեկման առումով: «Քանի որ կոնկրետ դեպքերում պատշաճ իրազեկումը կարող է հետագայում կանխել նման վտանգավոր դեպքերը»,- ասաց Մարտիրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում