Քաղաքականություն

Ադրբեջանի բռնատիրական ղեկավարները շարունակում են խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը. Ջիմ Կոստա

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի բռնատիրական ղեկավարները շարունակում են խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը. Ջիմ Կոստա

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի կողմից իրականացված կոտորածների հետևանքով Սումգայիթում զոհված հայերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Ներկայացուցիչների պալատում ունեցած ելույթի ժամանակ Կոստան հիշեցրել է, որ այս տարի լրանում է Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի 28-րդ տարելիցը: «Խաղաղ ցույցերը վերածվեցին քաոսի, երբ ադրբեջանցի խռովարարները 1988 թվականի փետրվարի 27-ին հարձակվեցին ժողովրդավարություն քարոզող հայ տղամարդկանց և կանանց վրա: Երեք օր շարունակված աննկարագրելի բռնությունից հետո հարյուրավոր հայեր զոհվեցին, իսկ հազարավորները զրկվեցին տնից»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը:

Կոստան ընդգծել է, որ հայկական կողմի նվիրվածությունը ժողովրդավարական ինքնիշխանությանը ծնեց մի շարժում, որը հանգեցրեց Խորհրդային Միության փլուզմանը: «Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի կողմից սեփական իրավունքները պահանջելու հարցում ցուցադրած քաջությունն արժանի է հիացմունքի և երբեք չպետք է մոռացվի: Այսօր Ադրբեջանի բռնատիրական ղեկավարները շարունակում են խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը: Այս հնագույն քրիստոնեական տարածքը ծնվել է իբրև վկա տարիներ շարունակ մարդկության դեմ իրականացված մի շարք հանցագործությունների, և ես հուսով եմ, որ Միացյալ Նահանգները բարոյական պատասխանատվություն կվերցնի իր վրա վստահեցնելու Հայաստանի ժողովրդին չապրել վախի մթնոլորտում»,- ասել է ԱՄՆ կոնգրեսականը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում