Քաղաքականություն

Ընտրական օրենսգրքի նախագծով ընտրողների գրանցման գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

3 րոպեի ընթերցում

Ընտրական օրենսգրքի նախագծով  ընտրողների գրանցման գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսվում է ընտրական գործընթացի գրանցման փուլն անցկացնել էլեկտրոնային համակարգով: Մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Ընդհանրապես ընտրական գործընթացը բաժանվում է երեք կարևոր բաղադրիչների: Առաջինը այն փուլն է, երբ ընտրողը մտնում է ընտրական տեղամաս և ձեռք է բերում ընտրելու իրավունք: Երկրորդ բաղադրիչը, երբ ընտրողն իրականացնում է իր ընտրությունը, երրորդ բաղադրիչը ձայների հաշվարկն է: Ընտրական օրենսգրքի նախագծում առաջին բաղադրիչն էլեկտրոնային տարբերակով է իրականացվելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Նրա խոսքով՝ սա շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս էապես բարձրացնել վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: «Երբ քվեարկողը էլեկտրոնային համակարգով ստանում է ընտրելու իրավունք, նա մոտենում է հանձնաժողովի համապատասխան անդամին, ով նրան տալիս է քվեաթերթիկների տրցակը, որոնք գույներով էապես տարբերվում են իրարից: Այսինքն՝ յուրաքանչյուր կուսակցություն ունի քվեաթերթիկի իր գույնը: Քվեաթերթիկի առաջին էջում նշված են կուսակցության անունը և կուսակցության ցուցակի առաջին երեք թեկնածուների անունները, իսկ հակառակ կողմում այդ ընտրատարածքում կուսակցության կողմից ներկայացված թեկնածուների անունները՝ այբբենական կարգով»,- մանրամասնեց Գագիկ Մինասյանը:

Այնուհետև ընտրողը մտնում է քվեախուց, որտեղ, կուսակցության օգտին քվեարկելուց զատ, քվեաթերթիկի երկրորդ երեսին որևէ նշում է կատարում իր նախընտրած թեկնածուի օգտին: «Դրանից հետո ընտրողը քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ, տանում է, իր ձեռքով դակում է ծրարը և գցում այն քվեատուփի մեջ»,- ընդգծեց պատգամավորը:

Մինասյանը նաև հավելեց, որ ընտրություններից հետո ձայների հաշվարկը տեղի է ունենալու այնպես, ինչպես մինչ այս ընդունված է եղել: «Այս համակարգը իսկապես բարձրացնում է վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ: Մենք կարող ենք ակնկալել, որ այդտեղ կարող են քվեարկողներ լինել ինչպես նույնականացման քարտերով, այնպես էլ անձնագրերով: Այդ էլեկտրոնային համակարգը իր մեջ ունի ընտրական տեղամասում ընտրելու իրավունք ունեցող մարդկանց անունները: Այսինքն՝ որևէ մեկը չի կարողանալու քվեարկել ոչ իր ընտրական տեղամասում, որովհետև համակարգը դա թույլ չի տալու: Համակարգը ձայնային և լուսային ազդանշաններով ահազանգում է, որ քաղաքացին փորձում է քվեարկել այն ընտրատեղամասում, որտեղ իրավունք չունի: Սա է այն համակարգը, որ ներառվել է նոր ընտրական օրենսգրքի նախագծում: Ինչպես արդեն ասացի, սա էապես բարձրացնում է վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ»,- ընդգծեց նա:

Գագիկ Մինասյանը հայտնեց, որ ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցման էլեկտրոնային համակարգի արժեքը մեկ ընտրատեղամասի համար 600 եվրո է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում