Ինովացիա

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը կանցկացվի Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը կանցկացվի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը 2019 թվականին անցկացվելու է Հայաստանում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով, սա աննախադեպ միջոցառում է Հայաստանի տեղեկատվական տեխլոգիաների ոլորտում:

«Մենք պետք է ամենաբարձր մակարդակով անցկացնենք այդ միջոցառումը: Այդ իսկ պատճառով այս և առաջիկա տարիներին պատվիրակություն ենք ուղարկելու այն երկրներ, որտեղ անցկացվելու է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես»-ը: Մասնավորապես, Բրազիլիա, Թայվան, Հնդկաստան: Մեր խնդիրն է լինելու առավելագույնս հասկանալ հնարավորությունները, որ կարողանանք այն արդյունավետ անցկացնել մեզ մոտ: Այդ կոնգրեսին սովորաբար մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի թոփ-մենեջերները` մոտ 2 հազար մարդ: Դա նշանակում է, որ 2019 թվականը կարող է բեկումնային լինել Հայաստանի համար` ապահովելով կտրուկ աճի հնարավորություններ»,-ասաց Կարեն Վարդանյանը:

Այժմ քննարկվում է այն հարցը, թե ո՞րը կարող է լինել Հայաստանի ներկայանալու հիմնական խաղաքարտը: Կարեն Վարդանյանի խոսքով` իրենք եկել են այն եզրակացության, որ կարող է լինել դպրոցներում ինժեներական լաբորատորիաների առկայությունը:

«Մենք հույս ունենք, որ մինչև 2019 թվականը կարող ենք լինել աշխարհի այն եզակի երկրներից, որտեղ բոլոր դպրոցներում առկա են ինժեներական լաբորատորիաներ: Դա խոսում է այն մասին, որ ինժեներական կրթությունը հանրակրթական հատվածում դրված կլինի ամենաբարձր մակարդակի վրա»,-ավելացրեց միության գործադիր տնօրենը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում