Քաղաքականություն

ԵԽԽՎ-ն պետք է ականջալուր լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը. Գագիկ Համբարյան

3 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ն պետք է ականջալուր լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը. Գագիկ Համբարյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը ադրբեջանական դիվանագիտության պարտությունն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` անդրադառնալով ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի սպասվող քննարկմանն ընդառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը: Նրա խոսքով, համանախագահները ակնհայտ ցույց տվեցին, թե Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումն այլ հարթակներ տանելը ինչպիսի արձագանքի կարող է արժանանալ:

«ԵԽԽՎ-ն պետք է ականջալուր լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը: Համանախագհները հասկացրել են, որ տվյալ կառույցը ղարաբաղյան հարցի հետ կապված հայտարարություններ անելու լիազորություններ չունի: Ընդգծվեց նաև, որ բանաձևերի ընդունումը մեծ վնաս կհասցնի բանակցային գործընթացին: Հայկական կողմը, հայկական դիվանագիտությունը պետք է զարկ տա այս հայտարարությանը»,-ասաց Գագիկ Համբարյանը:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի սպասվող քննարկման վրա համանախագների հայտարարության հնարավոր ազդեցությանը, ապա քաղաքագետը նշեց, որ այն միանշանակ պետք է ազդեցություն թողնի: «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ն այն պետություններն են, որոնք ՄԱԿ-ի կողմից ստացել են ղարաբաղյան խնդրի լուծման շուրջ բանակցություններ վարելու մանդատ: Եվ նրանք իրենց հայտարարության մեջ հատուկ նշում են, որ, իհարկե, շնորհակալ են տարբեր կազմակերպություններին, որոնք ուզում են իրենց լուման ներդնել խնդրի լուծման գործում, բայց ԵԽԽՎ-ում նման որոշումների ընդունումը բացասական ազդեցություն կունենա բանակցությունների վրա»,-ավելացրեց քաղաքագետը:

Ըստ քաղաքագետի` ԵԱՀԿ Մինսկի խմբի այս հայտարարությունը շատ մեծ նշանակություն ունի հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քննարկվելիք հակահայկական բանաձևերի քննարկմանն ընդառաջ: Նա նշեց, որ ադրբեջանական կողմն արդեն հիստերիկ պահվածքով է հանդես եկել` հայտնելով իր դժգոհությունը համանախագահների հայտարարության վերաբերյալ: Համանախագահների հայատրարությունը հենց վկայում է այն, որ ղարաբաղյան հարցն այլ հարթակներ տեղափոխելու Ադրբեջանի բոլոր փորձերը կձախողվեն»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը:

Հունվարի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) համատեղ հայտարարություն են տարածել` կապված ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քննարկման փաստի հետ: Հայտարարության տեքստում համանախագահները հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միակ ընդունելի ձևաչափը Մինսկի խումբն է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում