«Բարեւ Հայաստան». Սիրիահայ Վազգենի արծաթե գործերն իրենց տեղն են գտել աշխարհի տարբեր անկյուններում
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դժվար է պատկերացնել, թե Երեւանի Ոսկու շուկայի ամենավերեւի հարկի մի փոքրիկ խցում, որտեղ երկու հոգին դժվարությամբ են կարողանում շարժվել, սիրիահայ Վազգենն ինչպես է ստեղծում արծաթե փոքրիկ հրաշքներ, շունչ տալիս սառը մետաղին ու դարձնում արվեստի գործեր: Հետաքրքրական է, որ սիրիահայ արծաթագործի աշխատանքները հիմնականում գնահատում են զբոսաշրջիկները: Վերջին տարիներին Վազգեն Արուճյանը Հայաստանում զբոսաշրջության զարգացման սեփական վիճակագրական սանդղակն է ստեղծել. եթե առեւտուրն ամռան ամիսներին նախատեսվածից լավ է լինում, նշանակում է զբոսաշրջիկների հոսքը մեծ է:
«Եվրոպա, Կանադա, Ռուսաստան, Իրան... Հիմնականում այդ երկրներից ժամանածներն են գնում իմ պատրաստած զարդերը: Ես էլ ուրախանում եմ, որ իմ զարդերն իրենց անկյունն են գտնում աշխարհի տարբեր երկրներում»,- ասում է Վազգենն ու հավելում, որ իր զարդերը յուրահատուկ են, քանի որ բացառապես ձեռքի աշխատանք են: Վազգենը կիրառում է արծաթագործության հին ավանդական մեթոդները, որոնք նրան սովորեցրել են իր նախնիները:
Նա Հայաստան է տեղափոխվել է երեք տարի առաջ: Սիրիայի իրադարձություններն անվանում է «անիմաստ պատերազմ»: Բազմաթիվ ընկերներ, հարազատներ է կորցրել մի արյունահեղության հետեւանքով, որի նպատակն ու իմաստը ոչ ինքն է հասկանում, ոչ էլ իր շրջապատը: Վազգենն ասում է, որ Հալեպը դժվարությամբ է լքել, բայցԵրեւան գալու հարցում վայրկյան անգամ չի տատանվել: «Բախտավոր մարդ եմ, քանի որ հայրենիքից եկել եմ հայրենիք: Սիրիան իմ հայրենիքն է, Հայաստանը` նույնպես»,- ասում է Վազգենը:
Կենսամակարդակի առումով Վազգենն անգամ համեմատության եզրեր չի կարողանում գտնել Երեւանի եւ Հալեպի կյանքերի միջեւ: Հալեպում նա նշանավոր արծաթագործ Վազգենն էր եւ շատ հաճախ 24 ժամ անդադար աշխատանքը չէր բավականացնում պատվերները հասցնելու համար: Երեւանում նա դժվարությամբ է հոգում ընտանիքի ծախսերը: «Արաբները սիրում էին հայ վարպետների գործերն ու իրենց տունը զարդարում արծաթե իրերով, սպասքով, սկուտեղներով: Հայաստանում, իհարկե, վաճառքի առումով անհամեմատելի է: Այստեղ ամեն մեկը չէ, որ կարող է մեծ զարդեր գնել, հիմնականում զբոսաշրջիկներն են գնում իմ գործերը»,- ասում է Վազգենը: Նա խոստովանում է, որ Երեւանում գտել է ապահովություն, սակայն որպես առաջնակարգ մասնագետ՝ հաճախ է վիրավորվում եւ նեղսրտում: «Պատճառն այն է, որ Հայաստանում մարդիկ նախընտրում են ոչ թե ձեռքի, այլ մեքենայի աշխատանքը»,- ասում է Վազգենն ու շեշտում, որ հաճախ խանութները հրաժարվել են ընդունել նրա գործերը` պատճառաբանությամբ, որ դրանք ձեռքի աշխատանք են: «Շատ զարմանալի է: Ողջ աշխարհն այսօր նախապատվությունը տալիս է ձեռքի աշխատանքին, իսկ Հայաստանում հակառակն է»:
Վազգենը փաստում է, որ մետաղի լեզուն հասկանալն այնքան էլ բարդ գործ չէ: Մի փոքր երեւակայություն, մի փոքր ստեղծագործական մոտեցում, շատ սեր ու նվիրում, աշխատասիրություն: Սա, ըստ Վազգենի, յուրաքանչյուր աշխատանքի հաջողության բանալին է: «Պետք է աշխատանքդ արժեւորես, գնահատես, հարգես, որպեսզի արդյունքը գոհացնի»,- ասում է նա:
Երեւանյան կյանքին հարմարվելու համար էլ է Վազգենը բաղադրատոմս ճարել. մի փոքր համբերություն, լավատեսություն ու կամքի ուժ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ