Պաշտոնական

Նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը

6 րոպեի ընթերցում

Նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2015թ.պետական մրցանակները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին»ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:

Գրականության և արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կինոարվեստի, պետական մրցանակների են արժանացել՝ Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես)՝ «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար (գրականության և հրապարակախոսության ոլորտ), Վարդան Աճեմյանը՝ «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար» ստեղծագործության համար (երաժշտության ոլորտ), Վահե Կևորկովը (ռեժիսոր), Սամվել Բաբասյանը (օպերատոր), Հայկ Բադալյանը (օպերատոր), Աննա Դերձակյանը (սցենարի հեղինակ) և Արթուր Փարսյանը (մոնտաժող)՝ «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի համար (կինոարվեստի ոլորտ):

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի են արժանացել Նարեկ Սարգսյանը (ճարտարապետ), Պոլ Չաթալբաշյանը (կոնստրուկտոր) և Ստեփան Ախոյանը («Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի տնօրեն)՝ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրի համար:

Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակ է շնորհվել Աշոտ Սաղյանին, Աննա Մկրտչյանին և Հայարփի Սիմոնյանին՝ «Նոր սերնդի ոչ սպիտակուցային ամինաթթուների արդյունավետ փոքրածավալ արտադրական տեխնոլոգիա» աշխատանքի համար:

Հանձնախմբերի նախագահները ներկայացրել են մրցանակների հայցման ներկայացված աշխատանքները, քննարկման արդյունքում հանձնախմբերի կողմից կայացված որոշումները՝ մրցանակների արժանացած աշխատանքներն ու դրանց հեղինակներին:

Այս տարի մրցանակներ չեն շնորհվել կերպարվեստի ոլորտում, թատերական արվեստի ոլորտում, ինչպես նաև հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում, որոնց հանձնախմբերի նախագահների տեղեկացմամբ, հիշյալ ոլորտներում 2015թ. ՀՀ պետական մրցանակի ներկայացված աշխատանքները հանձնաժողովի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում չեն հավաքել բավարար քանակի ձայներ:

Պետական մրցանակները հանձնելուց հետո, Հանրապետության Նախագահը իր շնորհավորական խոսքն է հղել բոլոր մրցանակակիրներին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ՀՀ պետական մրցանակների հանձնման ժամանակ

Հարգարժա՛ն հյուրեր,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր արվեստագետներին և գիտնականներին մենք շնորհում ենք Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ:

Համոզված եմ, որ գիտական նոր նվաճումը կամ արվեստի նոր ստեղծագործությունը իր իսկական գնահատականը ստանում է ավելի ուշ, երբ անցնում է ժամանակի քննությունը: Դա չի նշանակում, որ մենք պետք է սպասենք հարյուր կամ երկու հարյուր տարի և հետո միայն գնահատենք, թե ով ինչ է արել: Համոզված եմ նաև, որ ժամանակակիցները պատասխանատվություն ունեն ստեղծագործողների և հայտնագործողների առջև: Մենք պարտավորություն ունենք բարձրաձայն ասելու, թե ինչն է մեզ համար արժեք և ինչը՝ ոչ: Սա հասարակության ու պետության արժեքային համակարգը վերահաստատելու պարտադիր միջոց և պայման է:

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների իմաստը ես առաջին հերթին տեսնում եմ հենց դրանում: Մենք մատնանշում ենք, կարևորում ենք, հանրությանն ի ցույց ենք դնում այն, ինչը արժանի է գնահատականի այսօր և այստեղ:

Հարգելի՛ ներկաներ,

Մենք այս տարի ունենք անվանակարգեր, որոնց հետ կապված ես, իհարկե, երկակի զգացողություն ունեմ: Մի կողմից՝ տխուր եմ, որ, օրինակ, թատերական, կերպարվեստի, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում չունենք մրցանակակիրներ, մյուս կողմից՝ ուրախ եմ, որ մեր համապատասխան հանձնաժողովները խստապահանջություն են դրսևորել, որովհետև եթե մենք չափորոշիչներն իջեցնենք, սրանով ուղղակի կարժեզրկենք մեր պետական մրցանակները: Այնպես որ հանձնաժողովների անդամներին և նախագահներին, որտեղ մենք չունենք մրցանակակիրներ, ես ոգևորում եմ, խրախուսում եմ՝ շարունակել նույն ոգով: Հուսով եմ, որ այս անվանակարգերում հաջորդ տարիներին մենք իսկապես կունենանք արժանավոր թեկնածուներ:

Հարգելի՛ դափնեկիրներ,

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր արժեքավոր աշխատանքի համար և կրկին շնորհավորում եմ այս պատվավոր մրցանակներին արժանանալու առթիվ: Մաղթում եմ ձեզ նոր գիտական և ստեղծագործական ձեռքբերումներ՝ ի փառս մեր երկրի, նրա գիտության և մշակույթի:

Շնորհակալություն:

Տեղադրություն

Երևանում մեկնարկեց հայ-գերմանական հետազոտական համագործակցության ձեռքբերումների ու հեռանկարների վերաբերյալ համաժողովը

Հայաստան

Երևանում մեկնարկեց հայ-գերմանական հետազոտական համագործակցության ձեռքբերումների ու հեռանկարների վերաբերյալ համաժողովը

ԱրարատԲանկը,  հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, բարձր ցուցանիշներով է ամփոփել անցած ֆինանսական տարին

Տնտեսություն

ԱրարատԲանկը, հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, բարձր ցուցանիշներով է ամփոփել անցած ֆինանսական տարին

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

Մարզեր

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Բարձր տեխնոլոգիաներ

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Արտաքին քաղաքականություն

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում