Մշակույթ

Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը 2015 թ-ին տոնել է իր 60-ամյա հոբելյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի լրատվական ծառայությունից, հոբելյանի առիթով հեղինակավոր բազմաթիվ կինոփառատոներում կազմակերպվել են ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

Մեկնարկը տրվել է Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում, որտեղ մարտ ամսվա ընթացքում ցուցադրվեցին Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ընտրանին: Ծրագրի կազմակերպիչն ու համադրողը աշխարհահռչակ կինօպերատոր և ռեժիսոր Ֆրեդ Քելեմենն էր: Ծրագիրը եզրափակվել է «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո ռեժիսորի մասնակցությամբ տեղի ունեցավ հարց ու պատասխան:

Ապրիլ ամսին վավերագրական կինոյի հեղինակավոր կինոփառատոներից մեկում՝ Նիոնի «Visions Du Reel»-ում տեղի է ունեցել Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն ու վարպետության դասընթացը:

Հետահայաց ցուցադրություններ են տեղի ունեցել նաև Ռուսաստանի՝ «Հայելի», Փարիզում անցկացվող «Evropa Akt Film», Վառնայի, Բաթումիի միջազգային կինոփառատոներում: Ստեղծագործական հատուկ երեկոներ են կազմակերպվել Մոսկվայի, Սոֆիայի, Թբիլիսիի միջազգային կինոփառատոների շրջանակներում:

Հոբելյանական տարում Հարություն Խաչատրյանն արժանացել է մի շարք պատվո մրցանակների որոնցից հիշատակելի են՝ «Սուրբ Գևորգ»-ը (Մոսկվայի միջազգային կինոփառատոն), «Պրոմեթևս»-ը (Թբիլիսիի միջազգային կինոփառատոն) և «Ոսկե փիղ»-ը (Ռուսաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիա):

Ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները շարունակվում են 2016 թ-ին և առաջին ծրագիրը կմեկնարկի Բանգալորի (Հնդկաստան) միջազգային կինոփառատոնում՝ հունվարի 28-ին, ապա կշարունակվի Ռեյկավիկի (Իսլանդիա) «Stockfish» միջազգային կինոփառատոնում, որն այս տարի տեղի կունենա փետրվարի 18-ից 28-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում