«Բարեւ, Հայաստան». Թե ինչպես Տերտերյանների ընտանիքին հայերն ասացին. «Բարով եք եկել»
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տերտերյաների հուշերում Սիրիան կմնա խաղաղ, հանգիստ, առանց պատերազմի ու կրակոցների: Պատճառն այն չէ, որ Տերտերյան ամուսինները ցանկանում են հիշողության մեջ պահել միայն դրականն ու հաճելին, այլեւ այն, որ նրանք պատերազմող եւ արյունոտ Սիրիան չեն տեսել: Հայաստան են եկել երեք ու կես տարի առաջ, ընդամենը 4 ամսով
«Մայրիկս ապրում է Գյումրիում: Երեք ու կես տարի առաջ հիվանդացավ, եւ մենք որոշեցինք 4 ամսով տեղափոխվել Հայաստան՝ նրան խնամելու: Եկել էինք առանց պատրաստվելու, առանց ձմեռային հագուստի ու անհրաժեշտ իրերի: Մեր գալուց որոշ ժամանակ անց Սիրիայում սկսվեց պատերազմը, և մենք մնացինք այստեղ»,- ասում է Ծովինար Տերտերյանը` հավելելով, որ Սիրիայում են թողել ամեն ինչ` տուն, խանութ, գումար եւ անգամ հագուստ: «Այստեղ ոչինչ չունեինք: Տեսնո՞ւմ եք այս ամենը,- ասում է Ծովինարն ու ցույց տալիս տան կահույքը` բազմոցը, սեղանը, պահարանն ու մահճակալը:- Այս ամենը մեզ հարեւաններն են տվել: Ամեն մեկը ցանկանում է մի բանով օգնել, աջակցել: Հարևանուհի ունեմ, որ ամեն օր գալիս հարցնում է, թե ինչպես եմ, ինչի կարիք ունեմ»:

Ծովինարը խոստովանում է, որ սկզբնական շրջանում շոկային վիճակում էր` չէր հասկանում, թե ինչ է կատարվում Սիրիայում եւ ինչպես ու ինչի համար է կյանքը կտրուկ փոխվել: «Այնտեղ մենք շատ լավ էինք ապրում: Ես երբեք չեմ աշխատել: Ամուսինս է աշխատել, որդիներս եւ մենք շատ լավ ապրել ենք: Այստեղ ամեն ինչ փոխվեց: Այստեղ ոչ ոք չունենք, մենակ ենք»,- ասում է նա ու հավելում, որ թե՛ Գյումրիում, թե՛ Երեւանում իրենց աջակցել են անծանոթ մարդիկ, օգնել թե՛ դրամով, թե՛ սնունդով, եւ իրենք փորձել են երկրորդ կյանք ստեղծել արդեն հայրենիքում: Հայաստանում Ծովինարը դերձակությամբ է զբաղվել: Հալեպում դերձակությունն ընդամենը հոբբի էր, սիրելի զբաղմունք, այստեղ՝ նաեւ վաստակի միջոց: «Քանի որ սիրում էի դերձակությունը, կար ու ձեւը, ընկերուհիներիս հագուստներն էի կարում, իմ հագուստները ձեւափոխում: Բայց դա աշխատանք չէի համարի, այստեղ արդեն դա ընկալում եմ որպես աշխատանք, պատվերներ եմ ընդունում»,- ասում է Ծովինարն ու հավելում, որ շատ է ուրախանում, երբ կատարած աշխատանքը հաճախորդի սրտով է լինում: «Իհարկե, լինում են դեպքեր, երբ ես ու հաճախորդը տարբեր կերպ ենք ընկալում աշխատանքը, տարբեր բաների շուրջ մտածում, սակայն փորձում ենք համաձայնության գալ: Շատ եմ ուրախանում, երբ կատարածս աշխատանքը դուր է գալիս, երբ ոչ միայն հավանում են, այլեւ երկրորդ-երրորդ անգամ պատվերներ են տալիս»,- ասում է Ծովինարը:

Ներկա դրությամբ Ծովինարը երկընտրանքի մեջ է. ասում է, որ Հայաստանում իրենց լավ են ընդունել, օգնել, սակայն կարոտում է Սիրիան: «Հալեպն ուրիշ էր, ես կասկածում եմ, որ երբեւէ կունենամ այն կյանքը, որ ունեցել եմ Սիրիայում: Ամեն օր աղոթում եմ, որ Սիրիայում պատերազմը շուտ ավարտվի, որ մարդիկ հանգիստ ապրեն: Գիտեք, ես կարոտում եմ Սիրիան: Իմ հիշողությունները, կյանքիս լավ ու վատ դեպքերը կապված են Հալեպի հետ: Արդեն երեք տարի է անցել, բայց չեմ պատկերացնում կյանքս առանց Հալեպի: Եթե լավանա իրավիճակը, անշուշտ, կցանկանամ վերադառնալ Սիրիա, այնտեղ իմ տունն է, իմ ամեն ինչը»,- ասաց Ծովինար Տերտերյանը:

Ծովինարի որդիներից մեկը Երեւանում է, մյուսը՝ ԱՄՆ-ում: Այս առումով նույնպես Ծովինարը երկընտրանքի առաջ է կանգնած. մի որդին ցանկանում է մնալ Երեւանում, մյուսը հարազատներին կանչում է Նահանգներ: «Այս երկընտրանքից խելագարվում եմ, քանի որ չգիտեմ ինչ անել»,- ասում է Ծովինարն ու հավելում, որ այս պարագայում ինքն ու ամուսինը միմյանց հուսադրում են, որ որդիներն ապահով են եւ անվտանգ. Բնակության վայրն այս պարագայում դառնում է երկրորդական:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները` Տաթև Դուրյանի