«Բարեւ Հայաստան». Սիրիահայ խոհարարները հյուրասիրում են ու շեշտում` «Պատրաստված է սիրով ու ժպիտով»
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը «Բարեւ Հայաստան» խորագրի ներքո տասը պատմություններով կներկայացնի Հայաստան ժամանած սիրիահայերի կյանքի պատմությունը, ովքեր իրենց արհեստի միջոցով կարողացել են հաստատվել Երեւանում, ստեղծագործել ու գումար վաստակել:
Իսահակյանների ընտանիքն արդեն երկու տարի է` Հայաստանում է ապրում. եկել են Հալեպից, այնտեղ թողնելով տունը, խանութն ու ողջ ունեցվածքը: Երեւանում հայր ու որդի Իսահակյանները զբաղվում են խոհարարությամբ: Փոքրիկ սրճարան են բացել, որտեղ այցելուներին հրամցնում են տասնհինգ տեսակի սիրիական կերակուր: Հայրը` Գրիգոր Իսահակյանը, խոստովանում է, որ երբ պատերազմի պատճառով որոշեցին լքել Սիրիան, փրկության միակ ճանապարհը տեսան հայրենիքում: Մինչ այդ, Գրիգորն ընդամենը մեկ անգամ էր եղել Հայաստանում` 80-ականներին ու որպես զբոսաշրջիկ:
«Շատ բան է փոխվել Հայաստանում: Ես չեմ ուզում համեմատել Հալեպն ու Երեւանը, կասեմ մի բան, հայրենիքում լավ է, այստեղ հանգիստ եմ, ապահով: Երազում եմ, որ Սիրիայում պատերազմն ավարտվի, որ այնտեղ վիճակը կայունանա, մարդիկ նորմալ ապրեն: Պատերազմը լավ բան չէ»,- ասում է Գրիգորն ու հավելում, որ պատերազմի ավարտից հետո նորից կգնա Հալեպ, որ բնակարանն ու խանութը վաճառի եւ վերջնականապես հաստատվի Երեւանում: Գրիգորը ցանկանում է, որ այստեղ իր պատրաստած ուտելիքները նույնչափ պահանջված լինեն, որքան Հալեպում: Քսան տարվա փորձառությամբ խոհարարն ասում է, որ բաղադրատոմսերի հատուկ գաղտնիք չունի∙ կարեւորը յուրաքանչյուր ուտեստի մեջ սեր դնելն է: «Մթերքները նույնն են, պատրաստման եղանակը` նույնպես, բայց ուտեստի մեջ պետք է հոգի դնել, սիրով կատարել աշխատանքը, ամեն կատարածդ աշխատանքը արժեւորես, որ լավ ստացվի»,- ասում է Գրիգորը: Փորձառու խոհարարը պատմում է, որ բաղադրատոմսերում նշված չափաբաժիններին չի հավատում ու չի հետեւում. համեմունքներն օգտագործում է աչքաչափով, խմորները բաժանում առանց կշռելու: Ասում է` խոհարարի աչքն ամենահզոր չափման միավորն է:
«Հայաստանում սկզբում միայն լահմաջու էին պատվիրում, հիմա առավելապես նախընտրում են զաթար: Միշտ գովում են իմ ու որդուս պատրաստածները, հաճախ բաղադրատոմսն էլ են ցանկանում: Ես էլ միշտ խորհուրդ եմ տալիս` ուտելիքը պատրաստել սիրով ու ժպիտով, որ համեղ ստացվի»,- ասում է նա:
Հայաստանում խոհարարությամբ ճանաչվելու մասին է երազում է նաեւ Գրիգորի որդին` Քրիստափորը: Ասում է` աչքերը բացել է ու տեսել, թե ինչպես է հայրը ուտեստներ պատրաստում: Գրիգորի զավակներից միայն Քրիստափորն է ոգեւորվել խոհարարությամբ. դա ոչ միայն ընտանեկան ավանդույթը շարունակելու միջոց էր ու սիրելի զբաղմունք, այլեւ բիզնեսի տեսանկյունից շատ ճիշտ ընտրված քայլ: «Խոհարարության շնորհիվ ցանկացած երկրում էլ կկարողանաս աշխատել ու վաստակել»,- ասում է Քրիստափորն ու հավելում, որ առաջիկայում իր գլխավոր նպատակն է, որ առաջարկվող ուտեստները դառնան շատ հայտնի ու երեւանցիների համար սիրելի, հետո արդեն կմտածի ճաշացանկի մեծացման եւ սեփական ռեստորանի հիմնման մասին: Գրիգորը պատմում է, որ Հայաստանում իրենց լավ են դիմավորել, վատ խոսք չեն լսել, զգացել են դիմացինի հոգատարությունը: «Հայաստանցիներն ուրախ են մեզ համար, ուրախ են, որ մենք այստեղ են: Կամաց-կամաց հարեւաններ են ձեռք բերում, արդեն ունենք մշտական հաճախորդներ»,- ասում է նա:
Հայաստանցիների հոգատարությունը զգացել է նաեւ Քրիստափորը, բայց նաեւ իր համար շատ արտասովոր բաներ տեսել. ասում է` միշտ երազել է Հայաստան գալ ու հիմա այստեղից հեռանալու միտք չունի: Միակ դժվարությունը տեղացիների հետ շփումն է. ասում է բնավորությունները տարբեր են, մտածելակերպը` նույնպես: Բայց գլխավորը, որ բարկացնում է Քրիստափորին` մարդկանց դգոհությունն է: «Ես նեղվում եմ, որ իմ մոտ ասում են, որ ուզում են հեռանալ Հայաստանից: Ինչո՞ւ հեռանալ հայրենիքից, երբ կարող ես այստեղ աշխատել, ստեղծել: Հայաստանում պատերազմ չկա, սով չկա, կարելի է աշխատել, ստեղծել ու ապրել: Ընդհակառակը, պետք է դրսում ապրող հայերն էլ գան այստեղ, այլ ոչ` հեռանան»:
Հասմիկ Հարությունյան