Հասարակական

Ֆրանսիայում տապալվել են թուրքերի հակահայկական նկրտումները

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում տապալվել են թուրքերի հակահայկական նկրտումները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժել է Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցը: Տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց Ֆրանսիայի Ռոն-Ալպի տարածաշրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը: «Այդ օրենքից օգտվելով` թուրքական կազմակերպությունները ցանկանում էին Հայոց ցեղասպանության ճանաչումը խնդրո առարկա դարձնել Ֆրանսիայի օրենքով, ու դա, փաստորեն, չիրականացավ»,-ասաց Հիլդա Չոբոյանը:

Վերոնշյալ հայցի բավարարման դեպքում թուրքական կազմակերպությունները ձգտում էին հասնել 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի չեղարկմանը:

Հարցին ի պատասխան, թե արդյոք այս մերժումը որևէ առումով ճանապարհ չի բացում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունելու համար`Հիլդա Չոբոյանը պատասխանեց. «Ոչ, քանի որ հրեաների ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը հակասահմանադրական չճանաչելու պատճառաբանության մեջ հստակորեն դրված է այն իրողությունը, որ հրեաների ցեղասպանությունը, ի տարբերություն Հայոց ցեղասպանության, միջազգային օրենքի և ֆրանսիական դատարանի կողմից ճանաչված է որպես ցեղասպանություն: Այս տարբերությունն է, որ պետք է հաղթահարել հաջորդող ամիսներին: Իմ կարծիքով` շատ ավելի մանրակրկիտ գործունեություն է սա պահանջում: Հայոց ցեղասպանության խնդիրը պետք է դրվի դատարանի առջև ու հաջորդվի այդ դատարանի կողմից դատապարտումով»:

Նրա կարծիքով` հայկական կողմը կարող է որոշակի պարագաներ գտնել ու ֆրանսիական դատարաններում հաջողության հասնել: «Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը մերժվել է, որովհետև միջազգային դատարանի կողմից ճանաչված չէ, ցեղասպանության ուրացումը միայն նկատի կառնվի, եթե միջազգային կամ ֆրանսիական որևէ դատարան այն ցեղասպանություն որակի»,-հավելեց Հիլդա Չոբոյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում