Մոսուլի նկատմամբ հավակնություններով պայմանավորված` Թուրքիան մեծացնում է ռազմական ներկայությունը. թուրքագետ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական իրադարձություններից բացի, մերձավորարևելյան տարածաշրջանում լարվածության մի նոր օջախ է առաջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` նշելով, որ լարվածությունը որոշակիորեն տեղափոխվում է Իրաք: Ըստ նրա` առանց տեղի իշխանությունների հետ համաձայնեցնելու թուրքական զորակազմը Իրաքում տեղակայելը մի քայլ է, որով պաշտոնական Անկարան փորձում է օգտվել իրավիճակից և մեծացնել իր ռազմական ներկայությունը:
«Չեմ կարծում, որ խնդիրն այս փուլում լուրջ սրացում կստանա, բայց տեսնում ենք, որ կոնֆլիկտային նոր իրավիճակ է ձևավորվում Իրաքի տարածքում և այս պարագայում պետք է հասկանալ Թուրքիայի հավակնությունները: Թուրքիան փորձում է մեծացնել իր դերակատարությունը տարածաշրջանում»,-ասաց թուրքագետը:
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանը պատրաստվում է բարձրացնել առանց պաշտոնական Բաղդադի համաձայնության Թուրքիայի կողմից երկրի հյուսիս զորակազմ մտցնելու հարցը, Լևոն Հովսեփյանը նշեց, որ դժվար թե դա այս փուլում ինչ-որ բան փոխի:
«Չեմ կարծում, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանը կարող է ինչ-որ բաների հասնել: Ամեն դեպքում հարցը կքննարկվի, բայց կարճաժամկետ իրավիճակում Թուրքիան չի հանի զորակազմը: Հաշվի առնելով պաշտոնական Անկարայի մոտեցումները, կարծես թե որևէ զիջողականություն չի լինի»,-ասաց թուրքագետն` ընդգծելով, որ սա լուրջ սրացում է ի հայտ բերում իրանաթուրքական հարաբերություններում: Իրանը կփորձի հակազդել Թուրքիայի գործողություններին, որովհետև Իրաքի այդ տարածքում թուրքական ռազմական ներուժի ավելացումը հակասում է Իրանի տարածաշրջանային շահերին:
«Որքանո՞վ էր Թուրքիայի այդ քայլն ուղղված Ռուսաստանի դեմ». Լևոն Հովսեփյանի խոսքով, դա որոշակիորեն կարող է դիտարկվել Ռուսաստանի դեմ հակաքայլ, բայց դրա հիմքում ոչ այնքան ռուսական գործոնն էր, որքան տարածաշրջանում Թուրքիայի ռազմաքաղաքական հավակնությունների առաջ մղումը:
«Էրդողանը լուրջ հավակնություններ ունի Մոսուլի, ինչպես նաև մոտակայքում գտնվող թուրքմեններով բնակեցված Թել-Ասերի շրջանի հետ կապված: Թուրքիան փորձում է թուրքմեն զինյալների ճամբարում վարժանքներ կազմակերպել, որպեսզի դրանք ևս գործոն դառնան: Ինչպես տեսանք Սիրիայում ռազմական առումով թուրքմենական գործոնը զարգացավ և օգտագործվեց Թուրքիայի կողմից»,-հավելեց փորձագետը:
Ինչ վերաբերում է Արևմուտքի արձագանքին, ապա փորձագետը նշեց, որ ԱՄՆ-ն արդեն իր տեսակետը հայտնել է: Պենտագոնը հայտարարություն է արել, որ չի աջակցում սուվերեն երկիր ուժերը տեղակայելու Թուրքիայի քայլին, իսկ Պետդեպարտամենտն էլ կոչ է արել, որ Թուրքիան Իրաքի պաշտոնական ուժերի հետ գնա երկխոսության: