ՀՀ Նախագահը ներկա է գտնվել է մայրաքաղաքում մի շարք հաստատությունների բացման արարողություններին

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 5-ին մայրաքաղաքում ներկա է գտնվել նորակառույց կառավարական վարչական համալիրի բացմանը՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որի շինարարության մեկնարկից՝ 2013թ. ապրիլից ի վեր, Հանրապետության Նախագահըպարբերաբար այցելելև հետևել է աշխատանքների ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, համալիրը ներառում է գլխավոր վարչական մասնաշենքը, որտեղ տեղակայված են Արտաքին գործերի, այդ թվում՝ Դիվանագիտական ակադեմիայի, Կրթության և գիտության, Մշակույթի, Սփյուռքի նախարարությունների տարածքները, ինչպես նաև Արդարադատության նախարարության առանձնացված մասնաշենքը: Համալիրի մեջ է մտնում նաև տեխնիկական մասնաշենքը, որտեղ տեղադրված են էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համար նախատեսված ենթակառուցվածքները:

Հանրապետության Նախագահը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի, Երևանի քաղաքապետի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի, արտաքին գործերի, քաղաքաշինության, կրթության և գիտության, սփյուռքի, մշակույթի, արդարադատության նախարարների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորակառույց վարչական համալիրում, ծանոթացել վերոնշյալ պետական հաստատությունների համար ստեղծված աշխատանքային պայմաններին, համալիրի կառուցապատված և բարեկարգված տարածքին: Կառավարական վարչական համալիրի ճարտարապետական լուծումները մշակվել են քաղաքաշինական և ազգային ճարտարապետական մոտեցումներին համահունչ՝ համալիրին հաղորդելով մոնումենտալ կերպար: Նախագծի հեղինակն է վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Կառավարական վարչական նոր համալիրը, որի ընդհանուր մակերեսը կազմում է 33460 քառ. մ, կառուցվել է Արդարադատության նախարարության նախկին այրված շենքի և շուրջ 25 տարի չգործող, վերականգնման ոչ ենթակա, կենտրոնական շրջանային կաթսայատան հողատարածքի վրա: Համալիրի վարչական երկու մասնաշենքերը միմյանց հետ կապված են ստորգետնյա ավտոկայանատեղով: Տրանսպորտային միջոցների և հետիոտնի շարժը առավելագույնս հարմար կազմակերպելու նպատակով գլխավոր հատակագծով նախատեսվել և իրականացվել են երկու նոր փողոցներ:

Նախագծի շրջանակներում մշակվել և բարձրորակ էներգախնայող լուսատուներով իրականացվել է նաև համալիրի արտաքին գեղարվեստական լուսավորությունը, որի միջոցով գիշերային և երեկոյան ժամերին առավել ցայտուն ընդգծվում է շենքի արտաքին պլաստիկան՝ ինչը ընդգծված հանդիսավորությամբ ինտեգրվում է Երևանի քաղաքապետարանից մինչև Հանրապետության հրապարակ ձգվող վարչա-հասարակական շենքերի համալիրներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի Իրինա Ռոդնինայի նորակառույց գեղասահքի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որիհիմնարկեքինՀանրապետության Նախագահը մասնակցել է դեռևս 2014թ. հունիսին: Այսօրվա հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան և գեղասահքի աշխարհի երկակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Իրինա Սլուցկայան:

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել գեղասահքի դպրոցում, ծանոթացել պայմաններին, ապա դիտել է դպրոցի բացման առիթով պատրաստված գեղարվեստական ծրագիրը՝ գեղասահքի ցուցադրական ելույթներով:

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը, որ հիմնադրվել է 1971թ.-ին և իր գործունեությունն իրականացրել Երևանի Բագրատունյաց 48/1 հասցեում, վերջին տարիներին գտնվում էր խիստ անբարեկարգ պայմաններում, իսկ սահադաշտը տևական ժամանակ չէր գործում: Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ կարճ ժամանակահատվածում իրականություն դարձած մարզադպրոցը կառուցվել է «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և նվիրաբերվել Երևան քաղաքին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 7.55 մլն ԱՄՆ դոլար: Եռահարկ դպրոցի հողատարածքի մակերեսը 1 հա է, կառուցապատված հողատարածքը՝ 4,360 քառ. մ, որից 1,800 քառ. մ-ն զբաղեցնում է 538 նստատեղով սահադաշտը: Դպրոցն ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ խորեոգրաֆիայի դահլիճով, մեթոդական լսարանով, ֆիզիկական մարզումների համար նախատեսված մարզասարքերով, ինժեներական և սառեցման համակարգերի ժամանակակից եվրոպական արտադրության սարքավորումներով, հոկեիստների և գեղասահորդների համար անհրաժեշտ գույքով, միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձարաններով:

Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում (հեծանվահրապարակի հարևանությամբ) գտնվող նորակառույց գեղասահքի մարզադպրոցը Երևանի ավագանու 25.11.2015թ.-ի որոշմամբ անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և կգործի անվանի գեղասահորդ Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ:

Հանրապետության Նախագահը հաջորդ այցելությունը կատարել է «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիր, որտեղ նրա ներկայությամբ բացվել է ժամանակակից հնարավորություններով կինոթատրոն: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել «Կինոպարկ» կինոթատրոնում, ծանոթացել սրահների հնարավորություններին:

«Կինոպարկ»-ի շինարարական աշխատանքներն սկսվել են 2015թ.-ի փետրվարին, ավարտվել՝ 2015թ.-ի նոյեմբերին: Կինոթատրոնում գործում է 5 սրահ, որոնցից 2-ը նախատեսված է 109, 2-ը՝ 119, իսկ պրեմիում սրահը՝ 30 հանդիսատեսի համար (նստատեղերի ընդհանուր քանակը՝ 486)։ «Կինոպարկ»-ի ի բոլոր սրահներում ֆիլմերը ցուցադրվելու են 3D ձևաչափով: Ներդրվել է նաև տոմսերի առցանց ձեռքբերման համակարգ։ Նորակառույց կենտրոնն ունի շուրջ 30 աշխատակից՝ 200 հազար դրամ միջին աշխատավարձով:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է թմրանյութերի, մաքսանենգ դրամական միջոցների, զենքի և պայթուցիկ նյութերի հայտնաբերման ՀՀ ֆինանսների նախարարության փորձագիտական նորակառույց կենտրոնի շենք, որը գտնվում է մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Կենտրոնը ստեղծվել է 2010թ.` մաքսային համակարգում հսկողական մեխանիզմների կատարելագործման, իրավախախտումների դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: 2015թ. օգոստոսից կենտրոնը տեղափոխվել է նորակառույց շենք, որի շինարարական աշխատանքներն սկսվել են 2013թ. հոկտեմբերին և ավարտվել 2014թ. դեկտեմբերին: Մասնագիտացված կենտրոնի հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է` 6860 քառ. մ: Կենտրոնն իր գործառույթները կիրականացնի Բավրայի, Բագրատաշենի և Գոգավանի նորակառույց մաքսակետերում, օդանավակայանում: Պատասխանատուների հավաստմամբ, Նախատեսվում է կենտրոնի մասնաճյուղ կառուցել Մեղրիի մաքսակետի տարածքում: Աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով: Միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող կենտրոնում նախատեսվում է կազմակերպել ԵԱՏՄ, ԱՊՀ և Մաքսային միության երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային միջոցառումներ, համատեղ դասընթացներ:

Հայերեն العربية

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հրազդանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն