Հանրապետությունում 5 անգամ ավելացել է աղիքային հիվանդացությունների թիվը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղիքային հիվանդությունների թիվն այս տարի 5 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Հանրապետությունում աշնան առաջին երկու ամիսներին արձանագրվել է դիզենտերիա սուր աղիքային վարակիչ հիվանդությամբ վարակվածության բարձր մակարդակ, սակայն նոյեմբերին որևէ բռնկում չի գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նրա հավաստմամբ` հիվանդությունների հիմնական պատճառը սննդային է եղել, եղել են նաև ջրային թունավորումներ։

Դիզենտերիայի վարակի աղբյուրը հիվանդը և բացիլակիրն են, իսկ վարակի փոխանցման ամենատարածված միջոցը` ձեռքերը: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, վարակների փոխանցման 40-80 տոկոսը տեղի է ունենում ձեռքերի միջոցով»,- ասաց համաճարակաբանը` ընդգծելով, որ անկախ տարիքից և սեռից յուրաքանչյուր անձ պետք է հետևի ձեռքերի հիգիենային:

Մասնագետի խորհրդով, անհրաժեշտ է առաջնային ուշադրություն դարձնել ձեռքերի տեխնիկական լվացմանը՝ նախընտրելի է հեղուկ օճառով, գոլ և հոսող ջրի տակ, պարբերաբար օգտագործել խոնավացնող քսուկներ: Հասարակական վայրերում պետք է օգտագործել մեկանգամյա օգտագործման թղթե սրբիչներ:

Հայերեն English Русский