Քաղաքականություն

ԵՄ-ն Հայաստանի լավագույն գործընկերներից է. Երևանում ընթանում է համագործակցության կոմիտեի նիստը

4 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Հայաստանի լավագույն գործընկերներից է. Երևանում ընթանում է համագործակցության կոմիտեի նիստը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվող Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի տասնվեցերորդ նիստի օրակարգը ներառում է նոր համաձայնագրից մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին նվիրված հարցերի քննարկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կոմիտեի նիստը հատկանշական է հատկապես ՀՀ-ԵՄ նոր ձևաչափի հարաբերությունների շուրջ բանակցություններ սկսելու համատեքստում: «Մեր բոլոր գերատեսչություններն ունեն առանձին առաջարկներ, որոնք մտադիր են ներկայացնել եվրոպական կողմին, մասնավորապես, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և կապի ոլորտներից: Մեր նախարարության կողմից ցանկանում ենք ընդգծել ինովացիոն և փոքր ու միջին ձեռնարկությունների ոլորտում աջակցության ծրագրերի կարևորությունը»,-ասաց Կարեն Ճշմարիտյանը: Նա տեղեկացրեց, որ մոտ ապագայում կայանալու է Հայաստանի և Եվրամիության միջև «Կոսմե» և «Հորիզոն 2020» համաձայնագրերի ստորագրումը: «Առաջինը սահմանելու է ՓՄՁ աջակցության նոր ուղղությունները, այսինքն` օգտագործելու ենք եվրոպական կողմի հնարավորությունները մեր փոքր բիզնեսի զարգացման առումով, իսկ «Հորիզոն 20 20»-ը ինովացիոն համակարգի հետագա զարգացման լրջագույն ռեսուրս կարող է լինել»,-հայտնեց Էկոնոմիկայի նախարարը` հավելելով, որ դրանք համահունչ են ՀՀ կառավարության ընդունած գիտելիքահեն տնտեսության հեռանկարային զարգացման քաղաքականությանը:

Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդի խոսքով` տնտեսական առումով տարածաշրջանի համար մարտահրավեր ներկայացնող այս ժամանակաշրջանում ցանկանում են աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը: «Եվրամիության նախարարների կոմիտեի կողմից նոր մանդատ ենք ստացել բանակցելու Հայաստանի հետ նոր պայմանագրով ու նոր ձևաչափով: Մենք այսօր քննարկելու ենք, թե ինչպիսի ֆորմատով ենք զարգացնելու այս հարաբերությունները: Ես կցանկանայի նշել, որ ԵՄ-ն Հայաստանի լավագույն գործընկերներից է և առևտրի, և ներդրումների բնագավառում»,-ասաց նա:Վիգանդը շեշտեց, որ Եվրամիությունը հարգում է Հայաստանի ընտրությունն անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը:

Նրա խոսքով` իրենք հայ գործընկերների հետ քննարկումներ են վարում ժողովորդավարության, լավ կառավարման հարցերի շուրջ: «Մենք իրականացնում ենք կոնսուլտացիաներ, որ սահմանադրական փոփոխությունների այս հանրաքվեն անցկացվի ավելի արդյունավետ ու բարձր մակարդակով: Բացի այդ` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Թուրքայի հետ հարաբերությունների առնչությամբ ևս քննարկումներ լինելու են: Միջադեպերը, որ տեղի են ունենում սահմանամերձ տարածքներում, մտահոգում են մեզ, ու մենք ուզում ենք, որ կայություն լինի, փրկենք կյանքեր»-ավելացրեց Գունար Վիգանդը:

Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա համաձայնագրին, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերություններին և երկրների տնտեսական զարգացումներին առնչվող հարցեր: Օրակարգում ներառված են նաև արդարադատության, ազատության և անվտանգության, տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտներում համագործակցության, բազմակողմ փոխգործակցության ձևաչափի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հարցեր:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում