Կարծիքներ

Սաֆրաստյանը Սիրիայում ՌԴ ռազմական ներկայությունը գլխացավանք է համարում Թուրքիայի իշխանությունների համար

3 րոպեի ընթերցում

Սաֆրաստյանը Սիրիայում ՌԴ ռազմական ներկայությունը գլխացավանք է համարում Թուրքիայի իշխանությունների համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի շուրջ նոր աշխարհաքաղաքական գործընթաց է սկսվում, որը մտահոգիչ է այդ երկրի իշխանությունների համար և գնալով գլխացավանք է դառնալու նրանց համար: Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Ես նկատի ունեմ ռուսական զինուժի և ռազմական տեխնիկայի տեղակայումը Սիրիայում: Կարծում եմ, որ սա այնպիսի իրադարձություն է, որը փոխում է աշխարհաքաղաքական իրադրությունը ողջ Մերձավոր Արևելքում. ոչ միայն Ռուսաստանն է վերադառնում Մերձավոր Արևելք, այն բանից հետո, երբ կորցրել էր Խորհրդային Միության հզոր դիրքերը այդ տարածաշրջանում, այլ նաև տեղի է ունենում Ռուսաստանի ազդեցության ուժեղացում Սիրիայում ընթացող գործընթացների վրա: Մասնավորապես, ուժեղանում է Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի օրինական իշխանություններին՝ Բաշար Ասադի կառավարությանը: Իսկ սա նշանակում է, որ Թուրքիայի բաղձալի նպատակը՝ ազատվել Ասադի կառավարությունից, գնալով ավելի անիրականանալի է դառնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սաֆրաստյանը:

Նա ընդգծեց այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող կարևոր աշխարհաքաղաքական փոփոխություններն անմիջական առնչություն ունեն նաև Թուրքիայի հետ: «Թուրքիայի հյուսիսում գոյություն ունի Հայաստանի տարածքում գործող ռազմակայանը: Ակնհայտ է, որ այդ ռազմակայանն առաջին հերթին անհանգստացնում է Թուրքիային: Եվ, փաստորեն, նոր զարգացումները բերում են նրան, որ Թուրքիայի հարավում առաջանում է ռուսական զինուժի մի նոր կենտրոն: Այս զարգացումը, ես կարծում եմ, մտահոգիչ է Թուրքիայի ղեկավարության համար: Թուրքիան ամեն ինչ արեց, որպեսզի համոզի Ռուսաստանին հետ կանգնել իր ծրագրերից: Մասնավորապես, դա տեղի ունեցավ Էրդողանի՝ Մոսկվա այցի ժամանակ, սակայն ակնհայտորեն անհաջողության մատնվեց Էրդողանը»,- ասաց թուրքագետը:

Սաֆրաստյանն Էրդողանի ձախողման վկայությունն է համարում այն հանգամանքը, որ Մոսկվայում Պուտին-Էրդողան հանդիպումից հետո մամուլի համար որևէ պաշտոնական հաղորդագրություն կամ հայտարարություն չեղավ: Նա նկատեց, որ սովորաբար նման հանդիպումներն ավարտվում են մամուլի համար պաշտոնական հաղորդագրությամբ կամ հայտարարությամբ, սակայն այս դեպքում որևէ բան չի եղել:՛ «Սա վկայում է այն մասին, որ երկրները պահպանում են, գուցե, ավելի ուժեղացնում են հակասությունները՝ կապված Սիրիայի հետ»,- հավելեց թուրքագետը՝ նկատելով, որ սա գնալով ավելի մեծ գլխացավանք է դառնալու Թուրքիայի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում